ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի GAIFF Pro արտադրական հարթակում կներկայացվի 17 կինոնախագիծ

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի GAIFF Pro արտադրական հարթակում կներկայացվի 17 կինոնախագիծ

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի արտադրական հարթակը՝ GAIFF Pro-ն, կներկայացնի սկսնակ կինոգործիչների նոր նախագծեր Արևմտյան Ասիայի տարածաշրջանից:

Հունիսի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը GAIFF Pro ծրագրերի ղեկավար Նարե-Լեոնե Տեր-Գաբրիելյանն ասաց՝ ընտրվել է 17 նախագիծ: «12-ը զարգացման փուլում է, հինգը՝ աշխատանքային: Նախագծերը ներկայացրել են ռեժիսորներ, որոնք աշխատում են իրենց  առաջին և երկրորդ նախագծերի վրա: Ռեժիսորները գալու են Հայաստան, մասնակցելու են աշխատարանների, վարպետության դասերի, հատուկ կազմակերպված հանդիպումների ոլորտի տարբեր ներկայացուցիչների հետ, որոնք  գալու են տարբեր երկրներից»,-նշեց Տեր-Գաբրիելյանն ու հավելեց՝ նախագծերը Վրաստանից են, Իրանից, Իրաքից, Պաղեստինից, Հորդանանից, Հայաստանից:
 

Նրա խոսքով՝ դիմորդների թիվը մեծ է եղել ու նախագծերն ունեցել են բարձր ցուցանիշ:

Արտադրական հարթակի հատուկ հյուրերից և ժյուրիի անդամներից են Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու» դափնեկիր Ռոն Դայենսը (վերջինիս տասնյակից ավելի ֆիլմեր եղել են Կաննի, Բեռլինի, Վենետիկի, Անսիի ծրագրերում), աշխարհում արտհաուս ֆիլմերի վաճառքով զբաղվող ALPHA VIOLET ընկերության համահիմնադիրը և գործադիր տնօրեն Կեյկո Ֆունատոն: Հյուրերի թվում են նաև բրիտանացի պրոդյուսեր Դեյվիդ Պ. Քելլին (նրա ֆիլմերի շարքում են՝ «Ջերեմի Թոմասի փոթորիկները» (2021 թ.), որ կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում, ռեժիսոր Ակի Կաուրիզմակիի «Ես վարձել եմ պայմանագրային մարդասպանի»), ֆրանսիական կինոֆոնդի՝ CNC-ի համագործակցության, համատեղ արտադրության և ֆրանկոֆոնիայի ծրագրի ղեկավար Նոեմի Կանը։

GAIFF Pro-ն նաև ուրախ է ներկայացնել բազմակի մրցանակների արժանացած վավերագրական ֆիլմերի ռեժիսոր և B2B Doc-ի տաղանդների ղեկավար Անաստասիա Կիրիլլովային, Սոֆիայի կինոփառատոնի և Art Fest Ltd-ի գործադիր տնօրեն և Sofia Meetings-ի գեղարվեստական ղեկավար Միրա Ստալևային, ինչպես նաև Close-Up Initiative-ի հիմնադիր և տնօրեն Սիգալ Յեհուդան։

GAIFF Pro Industry Platform-ը տեղի կունենա հուլիսի 10-14-ը: Այս տարի արտադրական հարթակը գործում է ՀԲԸՄ-ի հետ համագործակցությամբ և հյուրընկալվում է Creative Armenia-ի հետ համատեղ և աջակցվում Artbox նախագծի կողմից։ Artbox նախագիծը ստեղծարար ինկուբատոր է, որը ստեղծվել է Creative Armenia-ի կողմից և իրականցվում է Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ՀԲԸՄ Հայաստանի հետ համագործակցությամբ՝ «Կատապուլտ» ստեղծարար ակսելերացիոն ծրագրի շրջանակներում:

 

«GAIFF Pro-ն առաջին անգամ կներկայացնի նաև Short Cuts Nest-ը՝ հայկական կարճամետրաժ ֆիլմերի նախագծերի շուկան։ Շուկայի նպատակն է մեծացնել կարճամետրաժ ֆիլմերի կարևորությունը միջազգային կինոարտադրության ոլորտում և խթանել երիտասարդ հեղինակների և արվեստագետների առաջխաղացումը: Ընտրված 5 նախագծերի թիմերը կներկայացնեն իրենց աշխատանքները ֆիլմի ոլորտի մասնագետներին և ժյուրիի անդամներին և կպայքարեն Կինոտեքի կողմից տրվող նկարահանման տեխնիկայի ամբողջական փաթեթի մրցանակի համար»,- նշում է GAIFF Pro ծրագրերի ղեկավար Նարե-Լեոնե Տեր-Գաբրիելյանը։

Երկրորդ տարին անընդմեջ GAIFF Pro արտադրական հարթակը կհյուրընկալի կինոքննադատ Լեոնարդո Գոյին, որը կղեկավարի ընտրված կինոքննադատների համար հատուկ մշակված GAIFF Pro Critics Campus-ը: Գոյը, ով սյունակագիր է MUBI Notebook-ում, ղեկավարում է եվրոպական մի քանի այլ հայտնի կինոքննադատության ակադեմիաներ, այդ թվում՝ Berlinale Talent Press-ը: Աշխատարանի ժամանակ ստեղծված լավագույն հոդվածները կհրապարակվեն «Ոսկե ծիրան» օրաթերթում, որը կբաժանվի փառատոնի մասնակիցներին:

  • Կիսվել: