շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ինչու Վասակ Սյունին պատմության դասագրքում դավաճան չի ներկայացվել. բացատրում է հեղինակը

Ինչու Վասակ Սյունին պատմության դասագրքում դավաճան չի ներկայացվել. բացատրում է հեղինակը

 «Հայոց պատմություն» առարկայի 7–րդ դասարանի դասագրքում Ավարայրի ճակատամարտի և պատմական այլ իրողությունների խեղաթյուրված լինելու վերաբերյալ քննադատությունները տեղին չեն։ Մամուլի ասուլիսում այս հայտարարությունն արեց դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը։
 
Նա ընդգծեց, որ դասագրքում կոնկրետ Ավարայրի ճակատամարտի հատվածում տվել է վերջին շրջանի գիտական ձևակերպումներ։ Դասագրքում Հովհաննիսյանը նշում է, որ Վասակ Սյունին և Պետրոս Գետադարձ կաթողիկոսը դավաճան ներկայացված չեն, ինչպես ընդունված էր նախկինում։
 
«Ես այդպես եմ վարվել, որովհետև երբ պիտակավորում եք պատմական կերպարներին, դուք փակում եք պատմությունը հասկանալու ճանապարհը։ Ես այս ճանապարհով եմ գնացել, և այստեղ պատմությունը բոլորովին խեղաթյուրված չէ, մանավանդ որ դա դրված է գիտական հիմքերի վրա»,–պարզաբանեց նա։
 
Նա հավելեց, որ դասագրքում նաև Վարդան Մամիկոնյանի և Վասակ Սյունու հետ կապված առաջադրանքներ կան աշակերտների համար, օրինակ` որքանով են արդարացված Վարդան Մամիկոնին և Վասակ Սյունու մոտեցումները, հնարավոր էր խուսափել Ավարայրի ճակատամարտից, կամ ինչ կլիներ, եթե Վարդան Մամիկոնյանն ու Վասակ Սյունին
համագործակցեին։ Այդ առաջադրանքների պատասխանները կան ներկայացված տեքստում։
 
Ինչ վերաբերում է եկեղեցու դիտարկումներին, մասնավորապես 301 թվականին Հայ առաքելական եկեղեցու հաստատման վերաբերյալ, հեղինակը նշեց, որ որևէ դիտավորություն չեն ունեցել, և նման ձևակերպումը եղել է քրիստոնեությունը պետական կրոն ընդունելու համատեքստում։
 
«Բայց քանի որ տեքստը թյուրըմբռնումների և այլ մեկնաբանությունների տեղիք է տալիս, այդ հատվածը շտկել եմ, որ պաշտոնապես 301 թվականին հաստատվեց հայ առաքելական եկեղեցին»,–ասաց նա։
 
Մեկ այլ աղմկահարույց դիտարկումներից է 80–րդ էջում տեղադրված քարտեզը, որտեղ Տիգրան Մեծի թագավորության ժամանակ քարտեզում պատկերված է Ադրբեջանը։
«Իրականում սա ինտերակտիվ քարտեզի տեսքով է արված։ Տիգրան Մեծի կայսրությունը դրված է ժամանակակից քաղաքական քարտեզի վրա, որպեսզի երեխաները տեսնեն, թե այսօրվա ինչ տարածքների մասին է խոսք։ Այդ դեպքում կարող ես տեսնել, թե Տիգրան Մեծի կայսրությունն ինչ ընգրկվածություն է ունեցել»,–ասաց նա։
 
Հովհաննիսյանը հավելեց, որ հենց այդ քարտեզի օգնությամբ էլ աշակերտները կարող են հասկանալ, որ ներկայիս Ադրբեջանի զգալի մասը եղել է Տիգրան Մեծի կայսրության տարածք, և նաև երևում է, որ այդ ժամանակ ո՛չ Ադրբեջան է եղել, ո՛չ Թուրքիա, ո՛չ էլ այսօր գոյություն ունեցող շատ այլ պետություններ։
 
Հիշեցնենք` տևական ժամանակ է՝ ակտիվ քննարկվում և մասնագիտական տարբեր շրջանակներում քննադատվում է պ․գ․թ․ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը։ Մասնագետները բազմաթիվ սխալներ են մատնանշում, որոնք վերաբերում են մասնավորապես Ուրարտուի ժամանակաշրջանին, որևէ տեղ հիշատակում չկա, որ Երևանի պատմությունը սկսվում է Էրեբունուց։ Նրանք կարծում են, որ հեղինակը նաև այնպիսի մտքեր է գրել, որոնք ջուր են լցնում թուրք ազգայնամոլական պատմագիտական մոդելի վրա։
 
 
 

  • Կիսվել: