հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հովհաննես Թումանյանը՝ որբերի հայրիկ

Հովհաննես Թումանյանը՝ որբերի հայրիկ

Իր ժողովրդի ճակատագրով մտահոգված բանաստեղծի կյանքի ուղին ժամանակի ընթացքում զուգորդվում է հասարակական-քաղաքական ակտիվ գործունեությամբ: Առանձնակի ուշադրության է արժանի Հովհաննես Թումանյանի որբահավաք և որբախնամ գործունեությունը Հայոց ցեղասպանության տարիներին: Այս մասին գրում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։

1915 թ. հուլիսի վերջին լուրեր են հասնում դեպի Իգդիր և Էջմիածին հազարավոր գաղթականների հոսքի մասին: Հուլիսի 30-ին Թումանյանը դստեր՝ Նվարդի հետ Էջմիածնում էր, ուր հավաքված էին Եղեռնից մազապուրծ հայության զանգվածներ: Թումանյանն անմիջապես ձեռնամուխ է լինում գաղթականների, մասնավորապես հազարավոր որբերի ապաստարանի, խնամքի, սնունդով ապահովելու գործին: Նրա անմիջական ղեկավարությամբ կազմակերպվում են հանգանակություններ, բացվում է հիվանդանոց` 500 մահճակալով, որբանոց` նախատեսված մոտ 3.000 երեխայի համար:

Թումանյանը Էջմիածնի մատույցներից հավաքագրում և որբանոցներում էր տեղավորում ծնողազուրկ բազմաթիվ երեխաների: Անձամբ կազմում է հիվանդ և առողջ երեխաների ցուցակները՝ առանձնահատուկ հոգածությամբ վերաբերվելով հիվանդ հայ որբերին:

Երեխաներից շատերը նրան հայրիկ էին կոչում: Իր հուշերում Թումանյանը գրում է. «Երեխաներից ոմանք էնպես են սովորել, որ ճաշելուց հետո էլ փեշերս բռնում են (թեև հագնված են, պատսպարված և կերակրված) – հայրի´կ, ես որբ եմ, խեղճ եմ, նա հեր ունեմ, նա մեր… Որ ասում էի՝ նոր շորեր պիտի կարենք ձեզ համար, էստեղից էնտեղից գլուխ էին բարձրացնում – Հայրի՛կ, ինձ համար կարմիր հալավ կարեցե՛ք…»։

Միաժամանակ Թումանյանը որբերի համար մանկապատանեկան հայրենագիտական խաղեր է ստեղծում՝ ցանկանալով, որ խաղերի միջոցով երեխաները ճանաչեն ու սիրեն իրենց հայրենիքը «ոչ թե կույր ազգասերի սիրով, այլ գիտակից, ինտելիգենտ մարդու սիրով, որ սերն ազնիվ լինի, առողջ ու բովանդակալի»:

 

  • Կիսվել: