ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դասական երաժշտությունը կհանրահռչակի ՏՏ գործիքների կիրառմամբ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դասական երաժշտությունը կհանրահռչակի ՏՏ գործիքների կիրառմամբ

  Տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գործունեությունը հանրայնացնելու, դասական երաժշտությունը հասարակության լայն շրջանակին հասանելի, ընկալելի դարձնելու նպատակով նվագախմբի աջակցման հիմնադրամի ներքո ձևավորվել է պատվավոր խորհուրդ: Նախագահը առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ, «Team Telecom Armenia»-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանն է:

Պատվավոր խորհրդի կազմում են «PicsArt» ընկերության համահիմնադիր Միքայել Վարդանյանը, «Service Titan»-ի նախագահ և համահիմնադիր Վահե Կուզոյանը, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի նախագահ Գարո Արմենը և «SADA Systems»-ի գլխավոր ֆինանսական տնօրեն Լուսինե Եղիազարյանը, որոնց հետ կնքվել են փոխըմբռնման հուշագրեր:
 

«Նվագախմբի կյանքը փոխվեց 2019 թվականին, երբ Սիմֆոնիկի համերգով Հայաստանում մեկնարկեց WCIT միջազգային համաժողովը: Մենք բեմում էինք Ալեքսանդր Եսայանի և նրա գաղափարի շնորհիվ: Կարծում եմ՝ դասական երաժշտությունը, ակադեմիական արվեստը կարող են ավելի ուժեղ լինել՝ ՏՏ ոլորտի հետ համընթաց քայլելով: Տեխնոլոգիաների միջոցով մենք կարող ենք  ավելի լայն մասսաներին հասնել, և այդ համերգը դրա վառ ապացույցն էր»,- ապրիլի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Դիրիժորի խոսքով՝ իրենք կարևորում են աշխարհում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և իրենց թիմի գաղափարների իրագործումը՝ աշխատելով մարդկանց հետ, որոնք փոխել են աշխարհը, ինչն արել ու անում են բարձր տեխնոլոգիաների միջոցով:

Սերգեյ Սմբատյանն, անդրադառնալով առաջիկա անելիքներին, նշեց, որ համերգներով հանդես կգան ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ երկրի սահմաններից դուրս: Կներկայանան հրավիրյալ դիրիժորների հետ, իսկ 16-րդ համերգաշրջանն ավարտելու են հուլիսին:

Կյանքի կկոչեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը, մի շարք ձայնագրություններ, ավարտին կհասցնեն DJTL Arm Symphony առցանց համերգասրահը, որտեղ կհրապարակվեն նվագախմբի 7-8 տարվա ձայնագրությունները:

«Մենք դասական երաժշտության մեծ արխիվ ունենք՝ և՛ հայ կոմպոզիտորների, և՛ օտար հեղինակների գործեր, որոնք բացարձակ արժեք են մեզ համար»,- ընդգծեց դիրիժորը:

Ալեքսանդր Եսայանն էլ նկատեց՝ WCIT-ի շրջանակում համագործակցությունը լայն  արձագանք է գտել ոչ միայն Հայաստանում, այլև համաշխարհային շուկայում, և  տարբեր մեդիահարթակներ առաջինն ազդարարել են Հայաստանում արհեստական բանականության միջոցով հնչող երաժշտությանը:

Նրա խոսքով՝ սա երկարատև համագործակցություն է և միտված է նվագախմբի հաջողությունները միջազգային  հարթակում առավել ընդգծելուն, հայ և այլ հեղինակներին ճանաչելի դարձնելուն, հայ մշակույթը համաշխարհային շուկայում ներկայացնելուն ու համերգները հովանավորելուն.

«Մեր ընկերությունները ՏՏ միջավայրում հասել են հաջողությունների, և  ՏՏ գործիքները կարելի է օգտագործել  դասական նվագախմբի երաժշտությունը համաշխարհային հարթակներում հնչեցնելուն: Դասական երաժշտությամբ հետաքրքրված մարդկանց շարքերն ընդլայնվել են, իսկ ՏՏ-ի հետ համագործակցությունը կոգևորի նաև երիտասարդությանը»:

Միքայել Վարդանյանն էլ շեշտեց՝ կարևորում են դասական երաժշտության զարգացումը, այն և՛ երիտասարդներին, և՛ երեխաներին հասանելի ու ընկալելի դարձնելը:

«Մեր արտադրանքի հիմքում հասանելիությունն ու կրեատիվությունն են տեսական բովանդակության միջոցով: Նույնը հնարավոր է անել դասական նվագախմբի, դասական երաժշտության դեպքում: Մենք հնարավորություն ունենք դասական երաժշտությունը, որպես արտադրանք, աշխարհում ներկայացնել»,-եզրափակեց Վարդանյանը:

 

  • Կիսվել: