չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«ԳիտՍԵՐունդ»-ն ամփոփել է իր աշխատանքները՝ միաժամանակ ազդարարելով ծրագրի նոր ուսուցչական աշխատարանների բացումը

«ԳիտՍԵՐունդ»-ն ամփոփել է իր աշխատանքները՝ միաժամանակ ազդարարելով ծրագրի նոր ուսուցչական աշխատարանների բացումը

Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկել է «ԳիտՍԵՐունդ» ծրագրի 4-րդ տարվա «Ինտեգրում» խորագիրը կրող փուլը:

Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, որն իր խոսքում կարևորել է ծրագիրը և գոհունակություն հայտնել կրթության ոլորտում ձևավորված համագործակցության և արդյունավետ աշխատանքի վերաբերյալ:

«ԳիտՍԵՐունդ»-ը գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի (ԳՏՃՄ) ոլորտի կրթական ծրագիր է, որն ուղղված է տվյալ առարկաների նկատմամբ աշակերտների հետաքրքրվածությունը և դասավանդման որակը բարձրացնելուն:

«Ծրագրի իրականացման ընթացքում բավականին մեծ ծավալի աշխատանք է արվել ներգրավված բոլոր մասնակիցների կողմից, որոնք կարողացել են մեծապես նպաստել, բարելավել ու հնարավորություն ընձեռել մեր մյուս դպրոցների ուսուցիչներին ու աշակերտներին օգտվելու ստեղծված նյութերից, փորձառությունից ու մոտեցումներից: Այսինքն՝ գրանցված ցանկացած արդյունք դուրս է գալիս կոնկրետ դպրոցի պատերից՝ դառնալով հանրային բարիք»,- նշել է նախարարի տեղակալը:

Միջոցառման ընթացքում Ժաննա Անդրեասյանը պատասխանել է նաև ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի:

Ողջույնի խոսքով են հանդես եկել նաև Հայաստանում ամերիկյան համալսարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Տեր-Կյուրեղյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հանրային դիվանագիտության գրասենյակի տնօրեն Ջեն ՄակԷնդյուն, ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը: «ԳիտՍԵՐունդ» ծրագրի ձեռքբերումներն ու հաջորդ տարվա անելիքներն է ներկայացրել ծրագրի ղեկավար Արթուր Խալաթյանը:

««ԳիտՍԵՐունդ»-ի 4-րդ տարվա գլխավոր նպատակն է ինտեգրել ծրագրի ռեսուրսների ստեղծման, ուսուցիչների վերապատրաստման և արդյունքների գնահատման գործընթացները, գործիքներն ու համակարգերը պետական կառույցների կողմից կիրառվող կրթական ոլորտի կառավարման, ուսուցիչների վերապատրաստման և դասավանդման որակի բարձրացման ու վերահսկման գործընթացներին: Այս փուլում ծրագիրն աշխատելու է ԿԶՆԱԿ-ի, ԿՏԱԿ-ի, ՀՊՄՀ-ի և ԳԹԿ-ի փորձագետների ու գիտաշխատողների հետ»,- ասել է Արթուր Խալաթյանը և հավելել, որ այս տարվա ծրագրի կարևոր մաս են կազմում հանրակրթության պետական նոր չափորոշիչների, այդ թվում՝ ԲՏՃՄ առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերում ներառված վերջնարդյունքներին համապատասխան ուսումնառության ընթացիկ գնահատման գործընթացի, ինչպես նաև թեմատիկ ու կիսամյակային քննական նյութերի ստեղծումը:

 

Հիշեցնենք, որ «ԳիտՍԵՐունդ»-ը մեկնարկել է 2019 թ.: Հետագա երեք տարիների ընթացքում ծրագրի շուրջ 100 ուսուցիչներ մշակել են 1800 ԲՏՃՄ դասապրոցես «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Մաթեմատիկա», ինչպես նաև թվային և համակարգչային գիտությունների առարկաների համար: Դասավանդման ծրագրերը փորձարկվել են ՀՀ բոլոր մարզերում, ինչպես առցանց, այնպես էլ առկա ձևաչափով անցկացվող առարկաների շրջանակում: Փորձարկումներին մասնակցել են ավելի քան 300 ուսուցիչ և շուրջ 2500 աշակերտ:

  • Կիսվել: