երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախից բերված խաչքարերը Ախթալայում տեղադրելու համար քրեական վարույթ է նախաձեռնվել

Արցախից բերված խաչքարերը Ախթալայում տեղադրելու համար քրեական վարույթ է նախաձեռնվել

Գուգարաց թեմի առաջնորդարանի նախաձեռնությամբ, Տեր-Հովհան Եպիսկոպոս Հակոբյանի թույլտվությամբ ՝ Ախթալա հանրապետական նշանակության հուշարձանի մուտքի մոտ, դարպասի դիմաց և դարպասից ներս տեղադրվել է 6 խաչքար, ինչի համար նախաձեռնվել է քրեական վարույթ, գրում է Առավոտը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ից հաղորդում է ստացվել, որ առանց լիազոր մարմնի համապատասխան թույլտվության է խաչքարերը տեղադրվել, ինչի համար պահանջել են ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ խաչքարերը վանական համալիրի տարածքից հեռացնելու ուղղությամբ:

Նախնական տեղեկություններով՝ խաչքարերի տեղադրման հետևանքով պետական պահպանության տակ գտնվող վանական համալիրն է վնասվել և համալիրի պատմական միջավայրի խախտումներ են արձանագրվել:

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում  կատարվել է նշված տարածքի զննություն, հաստատվել է խաչքարերի առկայությունը, դրանք տեղադրելու հանգամանքների առնչությամբ գրություն է ուղարկվել Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդարան, պատճառված հնարավոր վնասի առնչությամբ նշանակվել է դատամշակութաբանական փորձաքննություն։ Տեր Հովհան Հակոբյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ խաչքարերի տեղադրման համար նախաձեռնված քրեական վարույթից տեղեկություն չունի.  «Խաչքար տեղադրելն ինչ կապ ունի պատմամշակութային աղճատման հետ, ո՞վ է նման բան ասում: Ես տեղյակ չեմ այդ վարույթի մասին»:

Իսկ ինչ խաչքարեր են տեղադրվել, Տեր Հովհանը բացատրեց.  «Ժամանակավոր ցուցադրության համար են խաչքարերը տեղադրված: Մշակույթի նախարարության համապատասխան բաժնի հետ էլ համաձայնեցված է: Այդ խաչքարերը եզակի նմուշներ են Արցախի այն շրջանից են, որի մասին արդեն չգիտենք՝ այդ խաչքարերը կան, թե՝ ոչ, որովհետեւ գերության մեջ մնացին, հանձնվեց այդ տարածքը: Հայ եկեղեցին էլ կազմակերպել է Արցախի ժառանգության վերաբերյալ գիտաժողովներ ամբողջ աշխարհով, գիտաժողովների մեծ մասն արդեն արվել է, անցած տարի օգոստոսին էլ արվեց Հաղպատավանքում: Արդյունքում խաչքարերը տեղադրվեցին եւ ամբողջ աշխարհից գալիս են տեսնելու այդ նմուշները: Հիմա դրա ի՞նչն է վատ»:

Տեր Հովհանը պնդում է՝ որ միայն  մասնագետները կարող են հստակ գնահատական տալ՝ խաչքարերի տեղադրումից ինչ վնաս է հասցվել համալիրին. «Ոչ ես կարող եմ ասել, ոչ՝ ուրիշը, թող մասնագետը գա, ասի: Մեր վանքերում այնպիսի սարսափելի բաներ են կատարվել մշակույթի նախարարության կողմից, Հնեվանքը ամենացայտուն օրինակն է, գնացեք, տեսեք՝ ինչ են արել պետական հովանավորությամբ: Այ բարբարոսությունը դա է, ոչ թե խաչքար դնելը»:

  • Կիսվել: