շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ամփոփվել է Պենդերեցկու անվան փառատոնը. ներկայացվել են ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ

Ամփոփվել է Պենդերեցկու անվան փառատոնը. ներկայացվել են ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ

Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության 4-րդ փառատոնի փակման համերգի ծրագրում ընդգրկված էին ժամանակակից դասական կոմպոզիտորների յուրօրինակ ստեղծագործություններ։ Համերգային երեկոյի մեկնարկին ներկաները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ և մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարմամբ ունկնդրեցին Պատրիշա Մորհեդի «Ճանապարհորդություն դարերի միջով» սիմֆոնիկ պոեմը։ Ստեղծագործությունը նվիրված է Լյուդվիգ վան Բեթհովենին և ֆրանսիացի ճանապարհորդ Սամյուել դը Շամպլենին՝ որպես աշխարհագրական և գաղափարական բացահայտումների հեղինակների։ Կոմպոզիտորը Հայաստանում էր և ներկա էր իր ստեղծագործության համաշխարհային պրեմիերային։

 

Պատրիշա Մորհեդը նշում է, որ «Ճանապարհորդություն դարերի միջով» սիմֆոնիկ պոեմը գրել է Կանադայի Հյուսիսային Օնտարիո շրջանի Նորթ Բեյ սիմֆոնիկ նվագախմբի պատվերով, սակայն այն այդպես էլ չի ներկայացվել Քովիդի պատճառով։ Ըստ հեղինակի՝ կոմպոզիտորի համար չկա ավելի մեծ ոգևորություն, քան տեսնել, թե ինչպես են փոքրիկ նշաններն անջատվում թերթերից ու կենդանություն ստանում։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և մեծ ճանաչում վայելող դաշնակահարուհի Ջուլիա Զիլբերքուիթը երեկոյի ընթացքում ներկայացրին Սերգեյ Սլոնիմսկիի Հրեական ռապսոդիա կոնցերտը՝ գրված դաշնամուրի, լարայինների, ֆլեյտայի և հարվածայինների համար։ Երեք մասից բաղկացած ստեղծագործությունը նվիրված է Ջուլիա Զիլբերքուիթին։ Ինքը՝ դաշնակահարուհին, տեղեկացնում է նաև, որ ստեղծագործությունը կոչվում է Հրեական ռապսոդիա, քանի որ գրվել է Իսրայել պետության 50-ամյակի կապակցությամբ։

«Ես այն բազմաթիվ անգամներ եմ կատարել։ Երեք մասից բաղկացած այս կոնցերտն ինչ-որ առումով կարելի է և՜ ծրագրային ստեղծագործություն համարել, և՜ ոչ։ Մեր օրերում աշխարհում շատ տխուր իրադարձություններ են տեղի ունենում։ Հեղինակն այս կոնցերտի միջոցով մեծ խորհուրդ ու ասելիք է փոխանցում ունկնդրին։ Այսօր այս երաժշտությունը շատ արդիական է, այն շարունակում է ապրել և ավարտվում է‚ այնուամենայնիվ‚ մաժորային տրամադրությամբ»,- ասում է դաշնակահարուհին։

Խոսելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցության մասին՝ Ջուլիա Զիլբերքուիթն ասում է, որ առաջին անգամ Երևանում եղել է 12 տարի առաջ՝ համատեղ ելույթ ունենալով Սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Բացի այդ, բազմիցս են միասին հանդես եկել աշխարհի տարբեր երկրներում և տարբեր փառատոների շրջանակում։ Դաշնակահարուհին տեղեկացնում է, որ մաեստրո Սմբատյանի հետ ելույթ է ունեցել նաև Վարշավայում Քշիշտոֆ Պենդերեցկուն նվիրված փառատոնի ընթացքում։

«Հրաշալի պատրաստված կոլեկտիվ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, երիտասարդ էներգիա կա երաժիշտների մեջ, մեծ վարպետությամբ են նվագում։ Եվ ուրախ եմ, որ ինձ հրավիրել են մասնակցելու Պենդերեցկու անունը կրող փառատոնին»,- ընդգծում է Ջուլիա Զիլբերքուիթը։

Համերգի ավարտին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը ներկայացրին սըր Կառլ Ջենքինսի հինգ հատված «Զինված մարդը» մեսսայից։

Պենդերեցկու անվան ժամանակակից կոմպոզիտորների փառատոնն այս տարի իրականացվել է Հայաստանում Լեհաստանի դեսպանության, ինչպես նաև Հայաստանի ֆոնդային բորսայի` AMX-ի և Կենտրոնական դեպոզիտարիայի աջակցությամբ։
Հիշեցնենք, որ 2019 թվականին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Սերգեյ Սմբատյանի ջանքերով հիմնադրված «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը 2022 թվականից կրում է լեհ լեգենդար կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու անունը։

 
 

  • Կիսվել: