ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ուսանողները դիմակներ և ախտահանիչ նյութեր են բաժանել Ստեփանակերտի բնակիչներին

Ուսանողները դիմակներ և ախտահանիչ նյութեր են բաժանել Ստեփանակերտի բնակիչներին

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի, Առողջապահության նախարարության և ԿԳՄՍ նախարարության համատեղ նախաձեռնությամբ Շուշիի Տեխնոլոգիական համալսարանի ուսանողները կորոնավիրուսային հիվանդության պայմաններում հակահամաճարակային կանոնների պահպանման նպատակով Ստեփանակերտի բնակիչներին բաժանել են դիմակներ, իսկ կանգառներում տեղադրել ախտահանիչ նյութեր:

ԱՀ Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների թվի կտրուկ աճը պատճառ է հանդիսացել քաղաքացիների շրջանում դիմակների բաժանման համար, որպեսզի վերջիններս լինեն առավել զգոն և պահպանեն հակահամաճարակային կանոնները:
 
«Քաղաքացիների շրջանում հանրային զգոնությունը բարձրացնելու նպատակով միացանք Առողջապահության նախարարության կողմից կազմակերպվող միջոցառմանը և, կապ հաստատելով Արցախի բուհերի հետ, հավաքագրեցինք ուսանողների, ովքեր պատրաստակամություն հայտնեցին մասնակցելու նախաձեռնությանը: Դիմակների բաժանման գործընթացը սկսվել է երեկվանից. շուրջ 5000 դիմակ է բաժանվել բնակիչներին: Վարակվածների թիվը գնալով շատանում է, և անհրաժեշտ է պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները, որպեսզի չհասնենք ծայրահեղ իրավիճակի»,- նշել է Ա. Հարությունյանը:
 
ԱՀ Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը մեզ հետ զրույցում խոսել է կորոնավիրուսային վարակի առկա իրավիճակի մասին և կոչ արել բնակչությանը պարտադիր և անխտիր կերպով պահպանել հակահամաճարակային կանոնները՝ րոպե առաջ վարակը վերահսկելու համար:
 
«Հոկտեմբեր ամսվանից սկսած՝ հանրապետությունում շատ կտրուկ կերպով տարածվում է կորոնավիրուսային վարակը և ակտիվ տեմպերով զարգանում։ Խնդրում և արդեն պահանջում ենք մեր քաղաքացիներից, որպեսզի պահպանեն հիգիենայի տարրական կանոնները և կրեն դիմակներ: Դիմակներ և ախտահանիչ նյութեր բաժանելու մեր չնչին միջամտությունը բազմաթիվ կյանքեր կփրկի: Վարակի տարածում ունենք արդեն Մարտակերտում, իսկ Մարտունիում սկսել է զարգանալ. այս ամենի դեմ պետք է պայքարենք միասին»,- ընդգծել է Մ. Հայրիյանը՝ տեղեկացնելով, որ պատվաստումն ամենաարդյունավետ միջոցն է, և այն Արցախում իրականացվում է չորս տեսակի՝ «Սպուտնիկ V», «ԱստրաԶենեկա» , «Մոդեռնա» և չինական արտադրության պատվաստանյութերով։
 
Խոսելով հիվանդանոցներում առկա մահճակալային ֆոնդի մասին՝ նախարարը հավաստիացրել է, որ այն դեռևս բավարարում է, բայց ամեն օր ավելացնում են մահճակալների քանակը, այդ թվում նաև՝ սարքավորումները և դեղորայքը, որպեսզի իրավիճակը չհասնի կրիտիկական մակարդակի: Շուշիի Տեխնոլոգիական համալսարանի ուսանողուհի Վերոնիկա Ավանեսյանը, ով նախաձեռնության անդամ է, իր խոսքում նշեց, որ «Կրիր դիմակ, փրկիր կյանքեր» նախաձեռնությանը մասնակցում են բուհի շուրջ 30 ուսանողներ։
 
«Արդեն երկու օր է՝ քաղաքի խանութներում, տրանսպորտային միջոցներում բաժանում ենք դիմակներ: Նպատակ ունենք այս աշխատանքով նպաստելու հասարակության առողջության պահպանմանը»,- ընդգծել է նա։

  • Կիսվել: