Երևանում Տաջիկստանի 27-ամյա քաղաքացին գրասենյակից գողացել է թվով 6 համակարգիչ․ վնասի չափը գերազանցում է 4 մլն դրամը
Մայիսի 16-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մայիսի 15-ին ժամը 20։45-ի սահմաններում Տաջիկստանի քաղաքացի 27-ամյա Մաքսադչոն Մ․-ն Հակոբ Հակոբյան 3 հասցեում գործող «Հեշտ սպասարկում ցանցային տեխնոլոգիա» գրասենյակից գողացել է թվով 6 հատ համակարգիչ՝ պատճառելով 4 մլն 131 հազար դրամի վնաս։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ Մաքսադչոն Մ․-ին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։