Լավրովի ասածն արդարացի էր, բա չասի՞՝ եթե մեզ մարդատեղ չեք դնում, մեզնից ի՞նչ եք ուզում․ Սերժ Սարգսյան
Այսօր դատարանից դուրս գալուց հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցերին:
Մասնավորապես՝ նա անդրադարձել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե ազնիվ չէ իրենց մեղադրել Արցախը հանձնելու մեջ, իրենք այդ մասին լրատվամիջոցներից են տեղեկացել:
Այս առնչությամբ Սերժ Սարգսյանն ասել է. «Ես չեմ կարծում, որ Լավրովի ասածն այն է, որ ստարտը տված է, վազեք գնացեք։ Ոչ, ես դա չեմ համարում, ես համարում եմ այդ հայտարարությունը արդարացի։ Բա եթե դաշնակիցն է մեր, բա եթե բանակցում էին եռակողմ, իսկ մենք տարիներով ականատես ենք եղել այդ եռակողմ բանակցություններին, ու հետո գնում են մեկ այլ տեղ մեկ այլ հայտարարություն են անում, արդյո՞ք այդ բանակցության կողմերից մեկը չպիտի ասի՝ եթե մեզ մարդատեղ չեք դնում, մեզնից ի՞նչ եք ուզում»։
Լրագրողների հարցին՝ եթե Դուք գաք իշխանության, կկարողանա՞ք հաջողություն գրանցել անվտանգության, Արցախի հետ կապված հարցերում, երրորդ նախագահը պատասխանեց. «Ես հավակնություն չունեմ և ոչ էլ ցանկություն՝ գալու իշխանության։ Ես ասում եմ՝ ես չեմ լինելու։ Եթե որևէ մեկը, որեւէ քաղաքական ուժ գա և տեսնեմ, որ այդ քաղաքական ուժը աշխատում է ի օգուտ, ի նպաստ Հայաստանի, և եթե իրենք կարիք ունենան իմ խորհուրդների, ես ընդամենը խորհրդատուի դերով կարող եմ հանդես գալ՝ հաշվի առնելով իմ անցած ճանապարհը։ Եթե ոչ, ապա ես կարծում եմ, որ արդեն արդեն ժամանակն է մի քիչ էլ ինձնով զբաղվելու՝ հանգստով և այլ պայմաններով»։
Ինչ վերաբերում է իշխանափոխությունից հետո Արցախի հարցում շրջադարձային փոփոխությունների հնարավորությանը, նա ասաց. «Ոչինչ երբեք հնարավոր չի բացառել։ 1930-ականներին, 1940-ականներին Հայաստանի մի շարք ղեկավարներ գրավոր դիմել են Մոսկվա, Ղարաբաղը Հայաստանին միացնելու հարցով, բայց լայն հասարակությունը երբեք դրանով առանձնապես չի զբաղվել, որովհետև շատ-շատերը համարել են, որ դա վերջնական է և վերջ։ Եթե լինեն անհատներ, լինեն քաղաքական ուժեր, որոնք այդ գաղափարը վառ կպահեն, ես վստահ եմ, որ մի օր այդ գաղափարով հետաքրքրվելու են ուժեր, նաև Հայաստանից դուրս և հնարավոր է լինելու այդ գաղափարը իրականություն դարձնել։
Այսօր, եթե նույնիսկ Ադրբեջանի ղեկավարությունն ասի՝ բոլոր արցախցիներին, բոլոր ղարաբաղցիներին, ովքեր գան, աղուհացով եմ դիմավորելու, ես չեմ կարծում, որ մի քանի հարյուր մարդուց ավելի կհամաձայնվեն գնալ այնտեղ, որովհետև երեխայի հարց կա, ընտանիքի հարց կա, վերաբերմունքի հարց։ Այդ վերադարձը անպայման պետք է ամրապնդված լինի միջազգային դերակատարներով, ուրիշ կերպ հնարավոր չի»։
Հարցին՝ գործող իշխանությունները միայն թերանո՞ւմ են իրենց աշխատանքում, թե՞ տեղի ունեցածը նաև դավաճանության հետեւանք է, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Իհարկե, մեկ-մեկ ես էլ եմ այդ բառը օգտագործում սրանց հասցեին, բայց ես շատ հակված չեմ առանց թղթային, փաստաթղթային ապացույցի ասել, որ սա 100%-ով այսպիսին է։
Դուք մի րոպե կասկածո՞ւմ եք, որ սրանք ուրանում են ամեն ինչը, եթե սրանք ուրանում են Հայաստանի անկախության հռչակագիրը, ուրանում են մեր ժողովրդի համար կենսական անհրաժեշտության հարցեր, երբ որ կասկածի տակ են դնում ցեղասպանության փաստը, այստեղ ի՞նչ խնդիր կա»։