Հայաստանն ու Ռուսաստանն անցել են փոխադարձ անվստահության կամ վիրավորանքի փուլը. Լավրով
Հայաստանն ու Ռուսաստանն անցել են փոխադարձ անվստահության կամ վիրավորանքի փուլը։ Այս մասին Հայ-ռուսական համալսարանում Հայաստանում ռուսական բուհերի մասնաճյուղերի դասախոսների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նա նշել է, որ նման տրամադրվածություն է եղել և՛ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների, և՛ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ընթացքում:
Ըստ Լավրովի՝ անցյալի վիրավորանքները վերապրելն անիմաստ է, հատկապես, երբ կան փաստեր, որոնք պետք է մեկնակետ դարձնել հիմա:
ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է՝ Հայաստանի ղեկավարությունն ավելի հաճախ է խոսում այն մասին, որ պետք է կենտրոնանալ ոչ թե պատմական Հայաստան վերադառնալու, այլ ժամանակակից պետականության ամրապնդման և այսօրվա իրողություններով ապրելու վրա։
«Համաձայն եմ. անցյալում անհնար է գտնել այնպիսի լուծումներ, որոնք արդիական կլինեն այսօր։ Ինչպես ասում են, հինը հիշողի աչքը հանում են: Բայց անցյալն էլ չի կարելի մոռանալ։ Հանուն սեփական երկրի, ժողովրդի, հավատքի կատարած սխրանքները պետք է մնան հիշողության մեջ, փոխանցվեն մատաղ սերնդին։ Սակայն գործնական որոշումներ պետք է ընդունել՝ ելնելով ներկայի իրական պայմաններից», - ընդգծել է Լավրովը։
Նրա խոսքով` Ռուսաստանը նույն մոտեցումն ունի նաև միջազգային օրակարգի հարցերում, այդ թվում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված։
Նշենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել երեկ` մայիսի 20-ին։