ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Էստոնիայի կրթական համակարգին
Շարունակվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Էստոնիայի Հանրապետություն:
Այցի շրջանակում նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էստոնիայի Հանրապետության կրթության և հետազոտությունների նախարար Քրիստինա Կալլասին: Վերջինս ներկայացրել է Էստոնիայի կրթական համակարգը, իրականացվող ծրագրերը և բարեփոխումները:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ կրթության և գիտության ոլորտներում իրականացվող բարեփոխումները: Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում փոխհամագործակցության զարգացման հնարավորությունները, կարևորվել են դասախոսների, հետազոտողների, ուսանողների և գիտնականների փոխանակման ծրագրերը, համատեղ համաժողովների, աշխատաժողովների և թեմատիկ քննարկումների կազմակերպումը, փորձի փոխանակումն ու մասնագիտական աջակցությունը, միջբուհական կապերի խթանումը:
Կողմերը քննարկել են նաև հանրակրթական, միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև փոխհամագործակցային հարաբերությունների զարգացման հնարավորությունը: Առանձնակի կարևորվել է մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում փոխադարձ կապերի զարգացումը՝ կառավարման բնագավառում փորձի փոխանակման, կրեդիտային համակարգի ներդրման, աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կազմակերպման, համատեղ ծրագրային նախաձեռնությունների ուղղությամբ:
Կողմերը քննարկել են PISA նախագծերի իրականացման ընթացքը, արհեստական բանականության ծրագրերի ներդրումը հանրակրթական ուսումնական հաստատություններում և ուսուցիչների վերապատրաստման ծրագրերի հնարավորությունները: