Ստեփանակերտում տեղի է ունեցել հոգեբանական աշխատաժողով՝ «հետպատերազմյան սինդրոմներ» թեմայով
Արցախի պետական համալսարանի Հոգեբանական կենտրոնում կազմակերպվել է հոգեբանական աշխատաժողով` քննարկելու մասնագիտական համայնքի անելիքները` Արցախում առկա իրավիճակի համատեքստում:
Աշխատաժողովը կրում էր «Հետպատերազմյան սինդրոմներ» խորագիրը։
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ աշխատաժողովին ներկա էին ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, ԵՊՀ դասախոսներ Ալեքսան Բաղդասարյանը, Հրանտ Ավանեսյանը,Միրա Անտոնյանը, Անահիտ Սահակյանը,ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը,պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ՀՀ-ում և Արցախում ճանաչում ունեցող գիտնական-հոգեբաններ, զինվորական հոգեբաններ Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանը, համալսարանականներ:

Աշխատաժողովին բացման խոսքով հանդես եկավ ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, ով իր և ողջ պրոֆեսորադասախոսական անձնակազմի անունից մեծ ուրախություն հայտնեց երկու համալսարանների միջև ձևավորված համագործակցության համար: «Այսօր մեկնարկած հոգեբանական աշխատաժողովն ավելին է, քան սոսկ աշխատաժողով, որովհետև բուհում հոգեբանական կրթական ծրագիրը տարեցտարի զարգանում է, և ես հպարտությամբ պետք է ասեմ, որ այս տարի այդ կրթական ծրագիրն ունի 29 դիմորդ»,- մեզ հետ զրույցում նշել է Ա. Սարգսյանը:

ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանն իր խոսքում ողջունեց նմանատիպ գիտաժողովները, հատկապես՝ պատերազմից հետո։ «Քանի որ դեռ 1990-ական թթ. թոհուբոհից դուրս չեկած՝ սկսվեց 2020 թ. պատերազմը, պետք է մշակենք այնպիսի մեխանիզմներ, որոնց արդյունքում կկարողանանք լուծում տալ հետպատերազմյան շրջանում առաջացած խնդիրներին. գլխավորապես պետք է լինեն գործնական աշխատանքներ և ինստիտուցիոնալ մեխանիզմներ։ Մեր նպատակն այն է, որ պետության ուշադրությունից ոչ ոք դուրս չմնա, այլ , անպայման, բոլորը ստանան հոգեբանական աջակցություն»,- նշել է Ա. Բեգլարյանը՝ ընդգծելով, որ, հասարակության մեջ հոգեբանական խնդիրների չլուծման դեպքում, պետությունը կսկսի դանդաղ զարգանալ, ինչը ձեռնտու չէ մեր երկրին։ ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի խոսքով՝ պատերազմից հետո արցախցիները հոգեբանական աջակցության կարիք ունեն։

« Շատ ծանր է մեր բնակչության հոգեկան վիճակը, բոլորը անորոշության մեջ են։ Հատկապես կրթական ոլորտն է տուժել դրանից։ Սակայն ինչքան ուսումնասիրություններ եմ կատարում, հասկանում եմ, որ բոլոր ծանր վիճակներից մեզ միշտ հանել է կրթամշակութային համակարգը։
Մենք պետք է շարունակենք այս տեսակ համագործակցությունները, որպեսզի կարողանանք բարձր պահել ընկած քաջորդիների պատիվը»,- նշել է Լ. Ղարախանյանը։

ԱրՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը ներկայացրեց բուհի ստեղծման պատմությունը, անցած ուղին և առկա մարտահրավերները։

Գիտաժողովին ելույթ ունեցան նաև ԵՊՀ դասախոսներ Էդիկ Մինասյանը, Ալեքսան Բաղդասարյանը, Հրանտ Ավանեսյանը, Անահիտ Սահակյանը, ԱրՊՀ դասախոս Արզիկ Մխիթարյանը: ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն իր խոսքում կարևորեց նմանատիպ գիտաժողովներն և անհրաժեշտ համարեց բնակչությանը ծանր հոգեկան վիճակից հանելու կարևոր առաքելությունը:

«Այսօրվա մեր միջոցառումը յուրահատուկ նշանակություն ունի, որովհետև մենք հավաքվել ենք քննարկելու պատերազմի թողած հետևանքները, որոնք անդառնալի են՝ մարդկային կորուստներ, վիրավորվածներ, և, իհարկե, բնակչության ծանր հոգեկան վիճակ: Ես համոզված եմ, որ պետականության ամրապնդման, համախմբման և միասնականության, լավագույն հոգեբանների աջակցության շնորհիվ Արցախը ոտքի կկանգնի»,- մեզ հետ զրույցում նշել է Է. Մինասյանը:
