շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Ստեփանակերտում կրկին հավաք է անցկացվում

Ստեփանակերտում կրկին հավաք է անցկացվում

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այսօր՝ սեպտեմբերի 15-ին, վերսկսվել է նախօրեին մեկնարկած ինքնաբուխ հանրահավաքը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանրահավաքին մասնակցել են բազմաթիվ քաղաքացիներ՝ այդ թվում՝ բուհերի դասախոսներ, ուսանողներ, դպրոցականներ և ուսուցիչներ, հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցներ: Ելույթ ունեցողներն իրենց մտավախությունն են բարձրաձայնել սեպտեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության և Արցախի ճակատագրի վերաբերյալ:

Հանրահավաքին ներկա էր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, ով հանդես է եկել ելույթով՝ ընդգծելով, որ Արցախի ժողովրդի փոխարեն ոչ ոք իրավունք չունի միանձնյա որևէ փաստաթուղթ ստորագրել՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ, որը դեմ է Արցախի շահերին:

Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է Հանրապետության նախագահի նախօրեին արած հայտարարությունը՝ վերահաստատելով, որ անընդունելի են բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում:

Հանրահավաքում ելույթ ունեցողները պահանջել են երաշխիքներ՝ Ադրբեջանի կազմում Արցախի չհայտնվելու վերաբերյալ, ինչպես նաև հարգել Արցախի ժողովրդի կամարտահայտության իրավունքն ու հավատարիմ մնալ Արցախի Հանրապետության անկախության ուղեգծին:

Հայտարարվել է, որ հանրահավաքը շարունակվելու է նաև այսօր երեկոյան՝ ժամը 19:00-ին:

  • Կիսվել: