ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Ստեփանակերտում կայացել է Շուշիի գեղարվեստի գործերի կորուսյալ հավաքածուների շնորհանդեսը

Ստեփանակերտում կայացել է Շուշիի գեղարվեստի գործերի կորուսյալ հավաքածուների շնորհանդեսը

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Ստեփանակերտի Պոլ Էլյուարի տուն Ֆրանկոֆոնիայի կենտրոնում Բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի կողմից կազմակերպվել է Շուշիի գեղարվեստի գործերի կորուսյալ հավաքածուների շնորհանդեսը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի նախագահ, Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանն նշել է, որ խորհուրդն իր գործունեությունը ծավալում է միջոցառումների և գործողությունների հստակ պլանով:

«Բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության վանդալիզմի, ոչնչացման դեպքերի մշտադիտարկման արդյունքների ներկայացման ձևով, և նաև տարբեր նյութերով մեր ժառանգությունը ներկայացնում ենք հայ և օտարերկրյա լսարաններին: Այս շրջանակներում բոլորի մասնակցությունն ու աջակցությունը կարևոր է, առնվազն՝ իրազեկման տեսքով, որպեսզի թեման թեժ պահենք, ներկայացնենք, թե ինչ ենք կորցրել, ինչն է վտանգված և ինչ կարող ենք կորցնել ապագայում, եթե մեր աշխատանքը պատշաճ չկատարենք, իսկ միջազգային հանրությունը և կառույցները կանխարգելիչ միջոցներ չձեռնարկեն»,-հավելել է Ա.Բեգլարյանը:
 
Բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի աշխատանքների համակարգող Սերգեյ Շահվերդյանի խոսքով՝ խորհրդի նպատակն է բացահայտել բոլոր հավաքածուները, որոնք մնացել են բռնազավթված տարածքներում:

 

«Մենք շատ մանրակրկիտ աշխատանքներ ենք կատարել ու այսօրվա դրությամբ վեր ենք հանել Շուշիում մնացած 13 հավաքածու՝ թե՛ գեղարվեստի գործեր, թե՛ թանգարանային նմուշներ: Դրանք պահվել են Շուշիի Կերպարվեստի պետական, Շուշի քաղաքի պատմության, Արցախյան գորգի, Դրամագիտության, Երկրաբանության պետական թանգարանների, Պատկերասրահի, Արվեստի կենտրոնի ցուցասրահի, Քանդակի միջազգային պուրակի, Նարեկացի Արվեստի միության, Սամվել Թավադյանի, Արտակ Պողոսյանի,Դավիթ Ավագիմյանի արվեստանոց-ցուցասրահների և Վարդան Դուշմանի տուն-թանգարանի հավաքածուներում»,-ներկայացրել է Ս.Շահվերդյանը՝ հավելելով,որ ցանկը վերջնական չէ:

Նկարիչ Սավել Թավադյանը մեզ հետ զրույցում ասել է,որ շուրջ 20 տարվա աշխատանքները մնացել են Շուշիում:

«Շուշիում բնակություն էի հաստատել 2000 թվականից: Այս տարիների ընթացքում վրձնած իմ կտավները մնացել են այնտեղ: Շուշիում մնացին նաև իմ այն գործերը, որոնք նվիրել էի մարդկանց»,-մանրամասնել է գեղանկարիչը:

  • Կիսվել: