Պետք է գոտեպնդվել և մտածել Արցախը զարգացնելու մասին. Ռուբեն Վարդանյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, գործարար , նվիրյալ հայ Ռուբեն Վարդանյանն Արցախում է և այցի շրջանակում այսօր՝ մայիսի 5-ին, հանդիպել է Արցախի պետական համալսարանի դասախոսների և ուսանողների հետ:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպմանն ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը բուհի 50-ամյա գործունեությանը նվիրված մեդալներով պարգևատրել է Ռուբեն Վարդանյանին և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Արցախի ծրագրերի ղեկավար Նարինե Աղաբալյանին:
Հանդիպմանը Ռ. Վարդանյանը ներկայացրել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ծրագրերը, խոսել Արցախում իրականացվողների, Արցախի այսօրվա իրավիճակի մասին, ինչպես նաև պատասխանել ներկաների հարցերին:
Բանախոսը նշել է, որ, հաշվի առնելով իրավիճակը, չպետք է հուսալքվել, այլ ընդհակառակը՝ պետք է գոտեպնդվել և մտածել Արցախը զարգացնելու մասին:
«Արցախը պետք է դառնա ավելի ուժեղ և ավելի հզոր: Պետք է բոլորս գիտակցենք, որ Արցախը կորցնելու դեպքում՝ կորցնում ենք հայ ազգը»,- ընդգծել է Ռ. Վարդանյանը:
Անդրադառնալով պատերազմական օրերին իրենց ցուցաբերած աջակցություններին՝ նա տեղեկացրել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամին են փոխանցել 1 մլրդ դրամ ֆինանսական օգնություն, ինչպես նաև 1,7 մլրդ գումարի սահմաններում Արցախում իրականացրել մի շարք ծրագրեր: Ի դեպ, այդ ակտիվ աշխատանքներն իրականացվել են մոտ 50 կազմակերպությունների ընդգրկմամբ:
Ռ. Վարդանյանի խոսքով՝ մարդասիրական ծրագրերի իրականացման գործում կարևոր է հիշել, որ հարուստին օգնելը միշտ էլ հեշտ է. օգնությունն այն է, երբ մարդը կիսում է իր բաժին հացի կտորը:
«Ուրախալի է, որ նախաձեռնության ծրագրերի շրջանակներում «Ավրորա» մրցանակաբաշխության բոլոր դափնեկիրները եկել են Հայաստան և Արցախ: Շատ կարևոր է նաև, որ աշխարհի հայտնի դեմքերն այցելեն Արցախ և Հայաստան՝ ծանոթանալու մեր մշակույթին, ավանդույթներին: Ցավով եմ նշում, որ Մայր Հայաստանում ապրող մեծ թվով անձինք երբևէ չեն եղել Արցախում, որն իր հերթին խնդիրներ է առաջացնում, քանի որ նրանք չեն զգացել մեր հայրենիքի արցախյան հատվածի համը և արցախցիների հյուրընկալությունը: Մենք ունենք շատ զարգացած և խելացի երիտասարդություն, որի ասելիքը պետք է հաշվի առնել բոլոր գործընթացներում»,- մասնավորապես ավելացրել է Ռ. Վարդանյանը: