Միջազգային կառույցներով պետք է գործենք. Սուքիասյանը` Արցախի եկեղեցիների nչնչшցման մասին
Յուրաքանչյուր մշակութային կոթող պետք է պահպանվի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ դատապարտելով Արցախում գտնվող եկեղեցիների ոչնչացումը։
«Բայց պետք է ճշտեն, թե ի՞նչ աստիճանի են վնասել։ Եթե Մայր տաճարն են վնասել, ապա դա արդեն իր գնահատականն ունի, որովհետև մշակութային ցանկացած արժեք, անգամ քարի կտոր, ամբողջ աշխարհում պաշտպանվում է։ Դրա համար կան նաև ինստիտուտներ՝ ՅՈւՆԵՍԿՕ-ն և այլն։ Կարծում եմ՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունները պետք է պայքարեն նման գործողությունների դեմ»,-նշեց նա:
Հարցին՝ Հայաստանը որևէ անելիք չունի՞, Սուքիասյանը պատասխանեց՝ խոսքն այլ երկրի տարածքում գտնվող կոթողների մասին է։
«Հայաստանն ինչքան էլ անի, դա մեկ այլ երկրի իրավունքի շրջանակում է, դրա համար միջազգային կառույցներով պետք է գործենք»,-պարզաբանեց Սուքիասյանը։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ Ստեփանակերտի եկեղեցու ավերումը չի պատրաստվում պետական մակարդակով դարձնել միջազգային քննարկումների առարկա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի նախաշեմին ադրբեջանցիներն ավերել են Ստեփանակերտի երկու եկեղեցիները՝ Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը և Սուրբ Հակոբ եկեղեցին։


