կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մեր հրատապ կոչն է՝ միանալ սուրբ վայրերի պաշտպանությանն ուղղված ջանքերին. Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ

Մեր հրատապ կոչն է՝ միանալ սուրբ վայրերի պաշտպանությանն ուղղված ջանքերին. Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հայտարարություն է  տարածել:

Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև.

«Նոյեմբերի 9-ից 13-ը, Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև վեցշաբաթյա զինված թեժ բախումներին վերջ տալու մասին համաձայնագրի հայտարարությունից հետո, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) հանձնաժողովը հեռակապով կազմակերպել է հանդիպում ՝ Արցախի և Հայաստանի ժողովուրդների այս առանցքային և շատ ցավալի իրավիճակի առնչությամբ: Կոչ ենք արել դադարեցնել այս հակամարտության պատճառով տեղի ունեցած արյունահեղությունն ու ավերումը:

Միանում ենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի աղոթքին ՝ իմաստության, միասնության և հանգստության համար: Ցավում ենք մարդկային այն բոլոր սարսափելի կորուստների համար, որ տեղի են ունեցել ոչ միայն սեպտեմբերի 27-ից վերսկսված մարտերի հետևանքով, այլև տարածաշրջանում ինքնորոշման պայքարի ողջ պատմության ընթացքում` յուրաքանչյուր թանկագին կյանքի կորստի հետ ավելի խորը արմատավորելով թշնամանքը։

Մենք միասնական կանգնած ենք հայ համայնքների կողքին, որոնց սպառնում է իրենց ժողովրդի նկատմամբ ցեղասպանության վերսկսման վտանգը, մասնավորապես ` հաշվի առնելով Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից արված աղմկահարույց հայտարարությունները ՝ «ավարտին հասցնել այդ առաքելությունը, որը դարեր շարունակ կատարել են մեր պապերը Կովկասի տարածաշրջանում», և հաշվի առնելով Թուրքիայի դերը ներկայիս հակամարտությունում՝ ԵՀԽ-ն դատապարտում է ցանկացած այդպիսի ուղղակի կամ անուղղակի սպառնալիք, և բոլոր նրանց գործողությունները, ովքեր սադրել են հակամարտությունը և սրել բռնությունը ` միջազգային արգելված զենք մատակարարելով, Սիրիայից և այլուր վարձկաններ և ջիհադիստներ ուղարկելով և փորձելով այն վերածել կրոնական բախման: ԵՀԽ-ն դատապարտում է քիմիական զենքի և կասետային զինամթերքի օգտագործումը, քաղաքացիական անձանց, հիվանդանոցների և հասարակական ենթակառուցվածքների թիրախավորումը, ինչպես նաև բոլոր մյուս ռազմական հանցագործությունները, գլխատումները, խոշտանգումները և այլ վայրագությունները, որոնց ականատես ենք եղել վերջին շաբաթներին:

Մեր կոչն է՝ հարգել Լեռնային Ղարաբաղի / Արցախի սրբազան վայրերը և մշակութային ժառանգությունը (չնայած այն հանգամանքին, որ հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց տաճարի կրկնակի հրթիռակոծումը և այլ նոր վայրագությունների վերաբերյալ ստացված բազմաթիվ հաղորդագրությունները այլ իրականության մասին են վկայում): Հորդորում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին ձեռնարկել բոլոր հնարավոր և համապատասխան միջոցները այդ սրբավայրերը պաշտպանելու համար:

Մեր հրատապ կոչն է միջազգային հանրության բոլոր անդամներին ՝ միանալու սուրբ վայրերի պաշտպանությանն ուղղված ջանքերին, բոլոր փախստականների և տեղահանված անձանց անվտանգ և արժանապատիվ վերադարձին, հայ ժողովրդին ցեղասպանության սպառնալիքից պաշտպանությանը, արդարության և մարդու իրավունքների վրա հիմնված տևական խաղաղության հաստատմանը Լեռնային Ղարաբաղի / Արցախի և տարածաշրջանի բնակիչների համար, և զերծ մնալ թշնամանք, հակամարտություն և անարդարություն սադրելուց կամ խրախուսելուց:

Մենք բարձրաձայնում ենք և հետամուտ ենք տարածաշրջանում եկեղեցիների գործելուն և աղոթում ենք, որ եկեղեցու առաջնորդները զինվեն ուժով և իմաստությամբ` իրենց ժողովրդին այս ճգնաժամից դուրս բերելու համար»:

 

  • Կիսվել: