ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Մենք կշարունակենք զարգացնել ու շենացնել Մաճկալաշենը. Համայնքի ղեկավար

Մենք կշարունակենք զարգացնել ու շենացնել Մաճկալաշենը. Համայնքի ղեկավար

ԱՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքը 415 բնակիչ ունի:

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մաճկալաշենի համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը:

«Պատերազմից հետո գյուղում 5 ընտանիք է հաստատվել՝ 7 հոգով: Այդ ընտանիքները ԿԽՄԿ-ի կողմից մի քանի ամիս շարունակ ստացել են սնունդ և հիգիենայի պարագաներ: Եվս 15 ընտանիքի էլ կարող ենք ընդունել մեր գյուղում: Դպրոցի շենքը վերանորոգվել է 2016 թվականին. այստեղ սովորում է 57 աշակերտ: Մանկապարտեզն ունի 24 սան: Գյուղում գործում է բուժկետ, որը կրում է հայրենիքի համար նահատակված համագյուղացի Արամ Հայրապետյանի անունը և վերանորոգվել է նրա ծնողների կողմից: Հանդիսությունների սրահն էլ վերանորոգվել է ռուսաստանաբնակ համագյուղացիների ջանքերով. ակումբը գտնվում է վթարային վիճակում: Գյուղամիջյան ճանապարհների մի մասը սալապատված է, մյուսը մասը պետք է սալապատվի: Գյուղը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով, շուրջօրյա ջրամատակարարմամբ»,- տեղեկացրել է համայնքապետը:

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակցի խոսքով՝ 44-օրյա պատերազմի ընթացքում գյուղը բազմաթիվ վնասներ է կրել:

«Մոտ 71 տուն է վնասվել, դրանցից 16-ը վերանորոգվել է։ Հիմնովին ավերվել է մեկ բնակելի տուն, որի փոխարեն՝ «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կառուցվել է նոր բնակելի տուն»,-ընդգծել է նա։ Լ. Ավանեսյանը ցավով նշեց, որ 2020 թվականի աշնանային պատերազմի ընթացքում, հանուն Արցախի ու հարազատ Մաճկալաշենի պաշտպանության, նահատակվել է 11 համագյուղացի, 12֊ն էլ վիրավորվել է մարտական գործողությունների ժամանակ: Խոսելով բնակիչների զբաղվածության մասին՝ համայնքապետը տեղեկացրել է, որ գյուղացիները միշտ էլ կապված են եղել հողի հետ, մշակել են, ու շարունակել արարել: «Գյուղացիները հիմանկանում զբաղվում են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ: Ամառային շրջանում աշխատում էինք թթայգիներում ու խաղողայգիներում: Վերջերս էլ ԿԽՄԿ-ի կողմից 39 հատ ջերմոց է տրամադրվել. գյուղացիների մի մասը զբաղվում է ջեմոցային տնտեսությամբ: Առաջիկայում «Նավասարդ» ՍՊ ընկերությունը համայնքի շուրջ հիսուն ընտանիքի կտրամադրի երեք հարյուր հատ ածան հավ, ձուն էլ հենց ընկերությունը կգնի»,- նշել է համայնքի ղեկավարը՝ հավաստիացնելով, որ մաճկալաշենցիները իրենց ապագան տեսնում են միայն հայրենի գյուղում ու կշարունակեն շենացնել այն։

  • Կիսվել: