երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Խաղաղապահ զորակազմն անհրաժեշտ ամեն ինչով ապահովված է. Մուրադով

Խաղաղապահ զորակազմն անհրաժեշտ ամեն ինչով ապահովված է. Մուրադով

Արցախում ՌԴ խաղաղապահ զորքերի  հրամանատար Ռուստամ Մուրադովը ԼՂ հարցով տեսակոնֆերանսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է  խաղաղապահ զորքերի կատարած աշխատանքի մասին։
 
Նա նշել է, որ հակամարտող կողմերի հրամանատարության  և տեղական վարչակազմերի հետ ստեղծվել են գործնական հարաբերություններ։ Գեներալը հստակեցրել է, որ ԼՂ տարածքը բաժանված է պատասխանատվության երկու գոտու: Հյուսիսում խնդիրները կատարում է 15-րդ մոտոհրաձգային բրիգադի առաջին գումարտակը՝ 11 դիտակետում: Հարավի գոտում և Լաչինի միջանցքում՝ երկրորդ գումարտակը՝ 11 դիտակետում: Ստեփանակերտ քաղաքում գործում է խաղաղապահ ուժերի ղեկավարումն իրականացնող հրամանատարական կետ։
 
Մուրադովը վստահեցրել է, որ դիտակետերն ապահովված են կապի բոլոր տեսակներով, այդ թվում՝ փակ, արբանյակային և տեսակապի միջոցներով: Նա ասել է նաև, որ աշխատանք է տարվում կետերը տեսահսկման շարժական համակարգերով համալրելու ուղղությամբ:
 
Ըստ նրա՝ այդ համակարգերը թույլ կտան իրականացնել հեռավար վերահսկում ամբողջ շրջագծով, ներառյալ՝ գիշերային ժամերին։ Մուրադովը նաև նշել է, որ  իրավիճակի վերահսկման համար շուրջօրյա ռեժիմով կիրառվում են նաև անօդաչու թռչող սարքեր: ՛՛Խաղաղապահ զորակազմը գործող նորմերի համաձայն ապահովված է անհրաժեշտ ամեն ինչով՛՛,-ասել է նա:
 

  • Կիսվել: