երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Կարմիր խաչի» ներկայությունն Արցախում քաղաքականացնելով՝ Ադրբեջանը դեմ է դուրս գալիս միջազգային հումանիտար իրավունքին․ ԱՀ ՄԻՊ

«Կարմիր խաչի» ներկայությունն Արցախում քաղաքականացնելով՝ Ադրբեջանը դեմ է դուրս գալիս միջազգային հումանիտար իրավունքին․ ԱՀ ՄԻՊ

Պարզ է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հրապարակային տեղեկատվություն չի տրամադրելու, քանի որ իրենք փորձում են աշխատել հնարավորինս ոչ հրապարակային, որպեսզի կարողանան իրենց հումանիտար առաքելությունն իրականացնել։ Այս մասին այսօր Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջ-ասուլիս ժամանակ ասաց ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ պատասխանելով հարցին՝ ԿԽՄԿ արցախյան գրասենյակը մանրամասներ ներկայացրել է արդյոք Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից, որի ժամանակ ադրբեջանական կողմն առաջարկել է Աղդամից Արցախ բեռնափոխադրումներն իրականացնել։

«Պարզից էլ պարզ է, որ Ադրբեջանն այսօր ցանկացած առիթ օգտագործելու է «Կարմիր խաչին» Արցախից հանելու համար։ Միակ միջազգային ներկայությունը, որ մենք ունենք այսօր Արցախում, «Կարմիր խաչն է, որը քիչ թե շատ իր չեզոքության, անկախության սկզբունքները միշտ պահպանելով՝ փորձում է հումանիտար իրավիճակին ինչ-որ ձևով օգտակար լինել և հարցերը կարգավորել», - ասաց ԱՀ ՄԻՊ-ը։

Ինչպես շեշտեց Ստեփանյանը, միջազգային հումանիտար առաքելություն իրականացնող կազմակերպությանը նման քաղաքական պահանջներ ներկայացնելը հակասում է միջազգային հումանիտար իրավունքին։ Նրա խոսքով՝ հումանիտար աջակցության համար սահմանված է չորս հիմնական սկզբունք, որոնցից երկուսն են չեզոքությունն ու անկախությունը։

«Այսինքն՝ հումանիտար առաքելություն իրականացնող կազմակերպությունն ինքը պետք է որոշի, թե ինչպես է աջակցությունը տրամադրում շահառու կամ տուժած ժողովրդին։ Այս առումով ամեն անգամ, երբ Ադրբեջանն ուղղակի քաղաքականացնում է «Կարմիր խաչի» ներկայությունն Արցախում, նա դեմ է դուրս գալիս միջազգային հումանիտար իրավունքին։ Վստահ եմ, որ սա գիտակցում են նաև «Կարմիր խաչի» ամենաբարձր օղակներում», - ասաց ԱՀ ՄԻՊ-ը՝ շեշտելով, որ ԿՄԽԿ-ն պետք է շարունակի աշխատել չեզոքության և անկախության տրամաբանության մեջ և չտրվի Ադրբեջանի կողմից հարուցվող քաղաքական խոչընդոտներին։

Անդրադառնալով Արցախ հումանիտար բեռների մատակարարմանը՝ Գեղամ Ստեփանյանն ընդգծեց, որ դեղորայքի և բուժառուների փոխադրումը ԿԽՄԿ-ի կողմից այսօր էլ իրականացվում է, մինչդեռ հումանիտար այլ նշանակության բեռների փոխադրումը, որն իրականացվում էր ռուս խաղաղապահների միջոցով, հունիսի 15-ից հետո մինչ օրս չի վերականգնվել։

«Հույս ունեմ, որ եթե որևէ այլ ձևով հնարավոր չլինի այն վերականգնել, ապա «Կարմիր խաչը» պատասխանատվություն կստանձնի նաև այս ուղղությամբ», - եզրափակեց նա։

  • Կիսվել: