չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
Փոփոխություններ և լրացումներ Քրեական օրենսգրքում

Փոփոխություններ և լրացումներ Քրեական օրենսգրքում

Հաշվի առնելով տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձանց պարբերաբար տրանսպորտային միջոցներ վարելու հանրային բարձր վտանգավորությունը՝ առաջարկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո մեկ տարվա ընթացքում նույն արարքի կատարումը նախատեսել որպես հանցագործություն: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հուլիսի 1-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Ըստ Արմեն Մկրտչյանի՝ միաժամանակ առաջարկվում է որոշ սանկցիաների մասով խստացնել ՔՕ 344-րդ հոդվածով նախատեսված արարքների համար պատասխանատվությունը: Նախատեսվում է նաև արգելել 18 տարին չլրացած անձանց արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքին նմանվող և արտադրական, կենցաղային, տնտեսական, ուսումնական, մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաների սարքերի կամ գործիքների վաճառքը:

Մանրամասն ներկայացնելով առաջարկվող կարգավորումները և սահմանված տուգանքները՝ հիմնական զեկուցողը նշել է, որ նախագծերի փաթեթով կլավարկվի տրանսպորտային միջոցի վարորդի բացակայության դեպքում տրանսպորտային միջոցը հատուկ տարածք բերման ենթարկելու պարագայում վարորդին իրազեկելու գործիքակազմը, կհստակեցվի ոստիկանության շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց նույնականացման իրավունքը:

Արմեն Մկրտչյանն առաջարկել է հարցը քննարկել հրատապ ռեժիմով և կողմ քվեարկել նախագծերի փաթեթին:

Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի՝ հուլիսի 2-ի արտահերթ նստաշրջանում:

  • Կիսվել: