Առաջարկվում է ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումը հանել
Նախագծերի փաթեթով առաջարկվում է ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումը հանել: Այս մասին ասել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հուլիսի 1-ին գումարված ԱԺ արտահերթ նիստի ժամանակ՝ ներկայացնելով ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները:
Փոխնախարարի տեղեկացմամբ՝ նախագծով հնարավորություն է տրվում նաև ոստիկանությունում առաջին անգամ պաշտոնի նշանակված ծառայողին ատեստավորվել ոչ թե պաշտոնի նշանակվելուց վեց ամիս, այլ՝ երկու ամիս անց: Բացի դրանից՝ նախագծով իրավական հիմք է ստեղծվում համայնքային ոստիկանությունն առավել թիրախային կրթական ծրագրի շրջանավարտներով օպերատիվ կերպով մեկանգամյա համալրելու համար: Ընդ որում՝ արհեստագործական կրթություն ստացած, ինչպես նաև համապատասխան վերապատրաստում անցած ծառայողները կհամարվեն հավելավճարի ստացում նախատեսող ատեստավորում անցած:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է օպերատիվ կերպով լուծել համայնքային ոստիկանությունն անհրաժեշտ մասնագիտական պատրաստվածություն ունեցող կադրերով համալրելու խնդիրը, լավարկել ոստիկանությունում ծառայության անցնելու, ինչպես նաև ոստիկանության ծառայողների ատեստավորման գործընթացները:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը հարակից զեկուցմամբ ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նա առաջարկել է հանել նաև ծառայությունն ավարտելու վերին շեմի սահմանափակումը՝ հնարավորություն տալով ոստիկանության երկարամյա ծառայողներին աշխատելու, եթե համակարգն ունի նրանց կարիքը: