չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արցախում հանրային տրանսպորտի աշխատանքը  վտանգված է. փոխնախարար

Արցախում հանրային տրանսպորտի աշխատանքը վտանգված է. փոխնախարար

Արցախի շրջափակումը չշրջանցեց նաև ԱՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից համակարգվող ոլորտները:

Այս մասին այսօր Արցախի Հանրային ՀԸ-ի եթերում ասել է ԱՀ ՏԿԵ նախարարի առաջին տեղակալ Վլադիմիր Հարությունյանը:
 
«Մենք ինչ-որ տեղ եղանք  դիմակայման  առաջամարտիկը. երբ  2022 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի այսպես կոչված էկոակտիվիստները փակեցին կյանքի ճանապարհը, առաջին հարվածը հասցվեց   տրանսպորտի(Ստեփանակերտ-Երևան, Երևան-Ստեփանակերտ,  Մարտակերտ-Երևան, Մարտունի-Երևան և այլ երթուղիներով) ոլորտին։ Իրավիճակն ավելի խորացավ էներգետիկայի բլոկում, երբ հունվարի 12-ին  Ադրբեջանն ինչ-ինչ հանգամանքներում խափանեց  Հայաստանից Արցախին էլեկտրաէներգիա մատակարարող բարձրավոլտ օդային գծի աշխատանքը, և  հոսանքազրկվեց  Արցախի Հանրապետությունը`  փաստացի անցնելով սեփական խիստ սահմանափակ ռեսուրսների հաշվին էներգիայի արտադրությանը և սպառմանը: Ճգնաժամը սաստկացավ, երբ մարտի 21-ին Ադրբեջանը դադարեցրեց Արցախի գազամատակարարումը, և այս առումով մենք հերթական  սուր հարվածը ստացանք` այն իմաստով, որ գազով աշխատող հիմնարկ֊ձեռնարկությունները ստիպված գործունեությունը շարունակեցին  էլեկտրաէներգիայի հաշվին`  բնականաբար, ունենալով հետևանքներ։  Շոշափելի վնասներ է  կրել նաև հեռահաղորդակցության  և կապի ոլորտը»,-մանրամասնել է Վ. Հարությունյանը` հավելելով, որ անում են հնարավորը բոլոր ճյուղերում քաղաքացիների հոգսը քիչ թե շատ թեթևացնելու համար:
 
Անդրադառնալով տրանսպորտի ոլորտին` փոխնախարարը նշել է, որ,   վառելիքի պակասով պայմանավորված,  Արցախում գրեթե կաթվածահար է ներհանրապետական տրանսպորտի գերծունեությունը։
 
«Ինչպես տեղյակ եք,  մայրաքաղաքում բացի երկու երթուղիներից, որոնք ծայրամասային թաղամասերն են սպասարկում, դադարեցված է հասարակայան տրանսպորտի շահագործումը. զգալիորեն  կրճատվել է նաև միջշրջանային երթուղիների շահագործումը»,-ներկայացրել է Վ. Հարությունյանը` ընդգծելով, որ օրեցօր իրավիճակը վատթարանում է, և, շարունակվելու դեպքում, ստիպված են լինելու Արցախում  ամբողջությամբ դադարեցնել հանրային տրանսպորտի աշխատանքը։
 
Վ.Հարությունյանի խոսքով` բացի վառելիքից, անհնարին է դարձել նաև ավտոպահեստամասերի, հատկապես` անվադողերի ապահովումը, ինչը տրանսպորտային միջոցների շահագործման համար լուրջ վտանգներ է ստեղծում, առավել ևս, երբ դրանց սահմանափակ լինելու պատճառով օգտվում են նախատեսվածից անհամեմատ շատ քաղաքացիներ։
 

  • Կիսվել: