Արցախում առաջին կիսամյակում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է ավելի քան 30 տոկոսով
Արցախի Հանրապետությունում ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 248 հազար 726 դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 30,1 տոկոսով:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Ազգային վիճակագրական ծառայության սոցիալ-ժողովրդագրության և աշխատանքի շուկայի վիճակագրական բաժնի պետ Լիլիա Պետրոսյանը՝ հավելելով, որ պետական հատվածում աճը կազմել է 37,6 տոկոս, ոչ պետական՝ 11,7 տոկոս:
«Ճյուղային կտրվածքով միջին ամսական անվանական աշխատավարձը զգալիորեն բարձր է եղել ֆինանսական ապահովագրական գործունեության, պետական կառավարման և պաշտպանության, հանքագործական արդյունաբերության ոլորտներում»,-հավելել է Լ.Պետրոսյանը: Մեր զրուցակցի խոսքով՝ 2022 թվականի առաջին կիսամյակում միջին ամսական անվանական աշխատավարձը շուրջ 3,5 անգամ բարձր է նվազագույն սպառողական բյուջեից, իսկ նվազագույն աշխատավարձը նվազագույն սպառողական բյուջեի մեծությունից փոքր՝ 5 տոկոսով: