հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Արդիական ինստիտուտների ձևավորման կամ ինստիտուտների արդիականացման հարցը չի սահմանափակվում միայն վարձատրության գրավչությամբ. փոխվարչապետ

Արդիական ինստիտուտների ձևավորման կամ ինստիտուտների արդիականացման հարցը չի սահմանափակվում միայն վարձատրության գրավչությամբ. փոխվարչապետ

Արդիական ինստիտուտների ձևավորման կամ ինստիտուտների արդիականացման հարցը չի սահմանափակվում միայն վարձատրության գրավչությամբ կամ մրցունակությամբ։ Այս մասին ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովում պանելային քննարկման ժամանակ ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Նա, մասնավորապես, ասաց. «Ցանկացած ինստիտուտ ձևավորվում է նպատակի շուրջ: Եվ առաջին կարևոր հարցը, որ մենք մեզ տալիս ենք այս փուլում, այն է՝ արդյոք հստա՞կ է, թե որ նպատակի շուրջ է տվյալ ինստիտուտը այդ ժամանակահատվածում կենտրոնացնելու իր ժամանակը և աշխատանքը։ Որովհետև եթե մենք խոսում ենք մոտիվացիոն համակարգի մասին, նորից պետք է մտածենք այն հարցի շուրջ, որ մարդը մոտիվացված է աշխատում, եթե լավ գիտի, թե իրենից ինչ են սպասում։ Եթե մենք մեր գործընկերների առջև խնդիրները բավականաչափ հստակ չենք ձևակերպում, իրենք վերջում այդքան լավ չեն կարող պատկերացնել, թե արդյոք իրենք այն խնդիրը, որի շրջանակում պետք է աշխատեին, կարողացել են լավ լուծել, թե ոչ։

Հետևաբար, մենք այս ամբողջ տարվա ընթացքում առաջնահերթ ենք համարել, որ յուրաքանչյուր պետական մարմին իր առջև ունենա առնվազն երեք, որոշ դեպքերում չորս-հինգ կարևոր հարցեր, առաջնահերթություններ, որոնք կապված են այն նպատակի հետ, ինչի շուրջ այդ ինստիտուտը աշխատում է:

Հաջորդ հարցն այն է, թե արդյոք այն մարդիկ, որոնք այդ խնդիրները լուծելուն ուղղված աշխատանք են տանում, ունե՞ն բավականաչափ ռեսուրսներ կամ մոտիվացվա՞ծ են արդյոք այդ խնդիրները ճիշտ ժամանակին և որակով կազմակերպելու կամ լուծելու համար»։

Փոխվարչապետի խոսքով՝ վերջին 10 տարիների ընթացքում Եվրոպական Միության գրեթե բոլոր երկրներում պետական համակարգում կառավարման մարմիններում ներգրավված մարդկանց վարձատրությունը մոտ 10 տոկոսով ավելի բարձր է, քան համարժեք աշխատանքի դիմաց վճարում է մասնավոր հատվածը:

«Սա միայն ցուցանիշ չէ, սրա տակ ընկած է պատմություն, որ այլևս բոլոր հասարակությունները գիտակցում և գնահատում են, որ պետական կառավարման մեջ ծառայություն մատուցող մարդիկ ավելի որակյալ լինեն միջինից, և դա անհրաժեշտ է պետության կողմից մատուցվող ծառայությունները որակով ժողովրդին վերադարձնելու համար։

Մենք հաճախ պետական համակարգում ունենք նաև մյուս խնդիրը. մեր գործընկերները պետական համակարգում աշխատում են մինչև ինչ-որ մի աստիճանի, որովհետև դրանից հետո այլևս մոտիվացված չեն համարում իրենց շարունակելու աստիճանով հետագա շարժը, այլևս համարում են, որ իրենց փորձառությունը և գիտելիքները դրսում ավելի պահանջված են, քան ներսում։ Մեր կարծիքով՝ համակարգը պետք է լինի այնպիսին, որ բոլորի համար մշտապես մոտիվացիա ստեղծի անընդհատ կատարելագործվելու, կրթվելու»,-նշեց նա:

  • Կիսվել: