հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ունենք նվազագույն աշխատավարձի թիվ, որը մեր երազած նվազագույն աշխատավարձից հեռու է. ԱՍՀ նախարար

Ունենք նվազագույն աշխատավարձի թիվ, որը մեր երազած նվազագույն աշխատավարձից հեռու է. ԱՍՀ նախարար

Ունենք նվազագույն աշխատավարձի թիվ, որը մեր երազած նվազագույն աշխատավարձից հեռու է, բայց նաև պետք է հասկանանք, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումն ունի նաև այլ հետևանքներ, այդ թվում՝ ֆիսկալ: Նվազագույն աշխատավարձի բարձրացումն ունի նաև տնտեսության վրա ազդեցություն, որը միշտ չէ, որ դրական է: Այս մասին այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի՝ նվազագույն աշխատավարձի մասին դիտարկմանը, թե այն չի բարձրանալու, մնալու է 75 հազար դրամ, և որ այն մոտ 70 հազար դրամով ավելի ցածր է, քան այս տարվա կեսին գրանցված՝ 1 անձի համար անհրաժեշտ գոյատևման նվազագույն ծախսը:

Այսպես, Թովմասյանն ասաց, որ աղքատությունը նվազել է, աղքատների թիվը կրճատվել է: Ազգային վիճակագրական ծառայության տվյալները ցույց են տալիս, որ այսօր քիչ է այն մարդկանց թիվը, որոնք նվազագույն աշխատավարձի և պարենային զամբյուղի տարբերությունների հետ կապված խնդիր ունեն:

«Բայց նաև տեսնում ենք, որ մեր միջին աշխատավարձն աճում է, այսինքն՝ մեր քաղաքացիների եկամուտներն աճում են, նաև աղքատությունն է նվազում՝ ըստ վերջին վիճակագրական տվյալների, որոնք, վստահ եմ, 2025-ին ավելի լավն են լինելու, քան 2024 թվականին էր: Ինչպես վարչապետը նշեց բյուջեի քննարկման մասին այսօրվա ելույթում, մենք մոտ ենք ծայրահեղ աղքատությունը վերացնելուն, որ ընդհանրապես այն չլինի: Հուսով ենք՝ կհասնենք մոտ ապագայում: Հետևաբար մեր քաղաքականությունները տալիս են իրենց արդյունքները՝ անկախ նրանից, որ մեր նվազագույն աշխատավարձի թիվը 75 հազար դրամ է»,-նշեց նա:

  • Կիսվել: