Արցախի տարածքում մինչ օրս աղվաներեն որևէ տառ չի հայտնաբերվել, գործ ունենք բնիկ հայկականության հետ. Համլետ Պետրոսյան
«Արցախի տարածքում մինչ օրս աղվաներեն որևէ տառ չի հայտնաբերվել: Վաղքրիստոնեական մի շարք հուշարձաններ՝ ներառյալ նրանց վրայի արձանագրությունները, որոնք հստակ ժամանակագրություն ունեն, հնարավորություն են տալիս խոսելու այն մասին, որ Արցախը հայկական է եղել»,- ԵՊՀ-ի կայքի հետ զրույցում ասել է ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը, որը, համագործակցելով միջազգային գիտական հանրույթի հետ, տարիներ շարունակ պեղումներ է կատարել Արցախում:
Համլետ Պետրոսյանի հեղինակած «Վաղքրիստոնեական հնագիտությունն ու հուշարձանները հայ-ադրբեջանական հակամարտության գոտում. Տիգրանակերտ, Ամարաս, Վաճառ» վերտառությամբ գիտական հոդվածը լույս է տեսել Գերմանիայի Քիլ համալսարանի՝ «Արցախի մշակութային ժառանգությունը. hայոց պատմությունը և դրա հետքերը Լեռնային Ղարաբաղում» վերտառությամբ ժողովածուում: Հետազոտողի նպատակն է եղել ցույց տալ, որ քրիստոնեական արշալույսին՝ 4-րդ դարի վերջից մինչև արաբական արշավանքները՝ 7-րդ դարի կեսերը, Արցախը հայաբնակ էր, հայախոս ու հայագիր:
«Հոդվածում ներկայացրել եմ այն հուշարձանները, որոնք Աղվանից եկեղեցու ենթակայության տակ էին: Մոտավորապես 5-րդ դարի կեսերից Արցախը և Ուտիքը միացվել են Աղվանից թագավորությանը և Աղվանից եկեղեցու մաս կազմել: Ադրբեջանցիներն օգտվում են այն առիթից, որ եկեղեցին կոչվում է Աղվանական, կաթողիկոսը կոչվում է Աղվանից կաթողիկոս, և այդ պատճառով էլ ասում են, թե Արցախը հայության հետ որևէ առնչություն չունի: Մինչդեռ վաղքրիստոնեական մի շարք հուշարձաններ՝ ներառյալ նրանց վրայի արձանագրությունները, որոնք հստակ ժամանակագրություն ունեն, հնարավորություն են տալիս խոսելու այն մասին, որ Արցախը հայկական է եղել»,- ասել է Համլետ Պետրոսյանը՝ ընդգծելով, որ էթնիկության ավելի հստակ ցուցանիշ, քան գիրը, հազիվ թե գոյություն ունի. «Ճարտարապետական կառույցները երբեմն վիճարկելի են, բայց գիրը չես կարող վիճարկել»:
Համլետ Պետրոսյանն ընդգծել է, որ Արցախի վաղմիջնադարյան հայերեն արձանագրությունները թվագրվում են 5-9-րդ դարերով, այսինքն՝ հայերենի այբուբենի ստեղծումից ի վեր:
2006-2020 թվականներին Արցախի մի շարք շրջաններում՝ մասնավորապես Տիգրանակերտում, Դադիվանքում, Վաճառում, կատարված պեղումների արդյունքները ներկայացված են Քիլ համալսարանի ժողովածուում:
Տիգրանակերտի պեղումների ժամանակ, որոնք կատարվել են վերոնշյալ ժամանակամիջոցում, երկու եկեղեցի է հայտնաբերվել: Ըստ ԵՊՀ հետազոտողի՝ դրանք դասական քրիստոնեական եկեղեցիներ են և ոչնչով չեն տարբերվում Հայաստանի մի շարք եկեղեցիներից: Եկեղեցական այդ կառույցներին կից կան որոշ առանձնահատկություններ, որոնք դրսևորվել են 5-6-րդ դարերում. «Տիգրանակերտի պեղումների արդյունքում հայտնաբերվել է մասունքարան, որն ունի միայն արևելյան մուտք: Քրիստոնեական կառույցները ոչ թե արևելյան, այլ արևմտյան մուտք պետք է ունենան: Միակ արևելյան մուտք ունեցողը համարվում է Տիրոջ գերեզմանը Գողգոթայում: Հետայդու պեղումներ են արվել Ամարասի վանքում: Այնտեղ Գրիգոր Լուսավորչի թոռան՝ Գրիգորիսի մասունքարանն է, որն ունի երեք մուտք՝ մեկը արևելքից:
Պեղումները շարունակվեցին Վաճառում, որտեղ կա Սուրբ Ստեփանոսի վաղքրիստոնեական մասունքարանը: Տվյալ կառույցը ևս ունի արևելյան մուտք: Այս բոլոր կառույցների վրա հայտնաբերվել են միայն հայերեն արձանագրություններ»:
Նա նշել է, որ Աղվանքի թագավոր Վաչագան Բարեպաշտը աղվանական եկեղեցուն ինքնուրույն կարգավիճակ տալու ձգտումով 5-րդ դարի վերջին և 6-րդ դարի սկզբին փորձել է առանձնացնել Աղվանից եկեղեցին, որը միշտ հայ եկեղեցու գաղափարական-ծիսական ազդեցության տակ է եղել. «Այս նպատակով ստեղծել է «երուսաղեմյան» պատմություններ, այն է՝ քրիստոնեությունն առաջինը տարածել է ոչ թե Գրիգոր Լուսավորիչը, այլ Թադեոս առաքյալի աշակերտ Եղիշան, որն այդ նպատակով Աղվանք է եկել Երուսաղեմից: Սակայն այս վաղքրիստոնեական բոլոր պատմությունները հազիվ թե իրականության հետ մեծ կապ ունենան: Խնդիրն այն է, որ թագավորը փորձել է իր եկեղեցին ավելի ինքնուրույն դարձնել: Մինչդեռ մեկ դար անց հայ եկեղեցին նորից վերականգնել է իր դիրքերը»,- ասել է հետազոտողն ու հավելել, որ վաղ քրիստոնեության տարբեր ժամանակահատվածներում կարելի է տեսնել՝ Աղվանից կոչված եկեղեցին, որի ամենաինտելեկտուալ համայնքը արցախուտիքյան հայ համայնքն էր, անընդհատ ձգտել է ինքնուրույնություն ձեռք բերել: Եվ այսօր Ադրբեջանը հաճախ է մատնացույց անում այդ հանգամանքները, թե հայ եկեղեցին բռնությամբ է իր ձեռքում պահել Աղվանից եկեղեցին»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։