Իրանի նախագահն արձագանքել է ուրանի հարստացման վերաբերյալ ԱԷՄԳ-ի խորհրդի բանաձևին
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը արձագանքել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի՝ հինգշաբթի ընդունած հակաիրանական բանաձևին, հաղորդում է Mehr գործակալությունը, փոխանցում է parstoday.ir-ը:
«Կառավարիչների խորհրդի բանաձևը վնասակար էր»,-ասել է նախագահ Փեզեշքյանը՝ հավելելով, որ Իրանը կշարունակի ուրանի հարստացումը։
Փեզեշքյանը վերահաստատել է Իրանի վճռականությունը շարունակել իր միջուկային գործունեությունը, հայտարարելով, որ ի հեճուկս աճող ճնշմանը, երկիրը չի հրաժարվի ուրանը հարստացնելու իր իրավունքից։
«Մենք կշարունակենք մեր ճանապարհը։ Ուրանի հարստացումը կշարունակվի, և մենք չենք շեղվի ներկայիս միտումից», -շեշտել է Իրանի նախագահը։
Նա ընդգծել է, որ Իրանի միջուկային գիտելիքները խոր արմատներ ունեն և չեն կարող ոչնչացվել ռազմական գործողություններով։
«Նույնիսկ եթե նրանք ռմբակոծեն մեր օբյեկտները, մեր կարողությունները մեր ձեռքում կլինեն։ Ինչ էլ որ նրանք ոչնչացնելու լինեն, մենք կվերականգնենք», -հավելել է նա։
ՄԱԿ-ի միջուկային գործակալության 35 երկրներից բաղկացած խորհուրդը հինգշաբթի բանաձև է ընդունել, որով գրեթե 20 տարվա ընթացքում առաջին անգամ Իրանին մեղադրում է միջուկային զենքի չտարածման վերաբերյալ իր պարտավորությունները խախտելու մեջ, հայտնել են դիվանագետները փակ դռների հետևում անցկացված հանդիպման ժամանակ։ Քաղաքական լուծումն առաջարկել են Միացյալ Նահանգները և եվրաեռյակը։
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) խոսնակ Բեհրուզ Քամալվանդին խիստ քննադատել է ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդի ընդունած բանաձևը՝ այն «Արևմուտքի ռազմավարական սխալ հաշվարկ» որակելով։