«250կմ». Ստեփանակերտում կայացել է ֆիլմի պրեմիերա պատերազմի օրերին իր ընտանիքին տարհանած պատանու մասին
Նախօրեին Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն» կինոդահլիճում, տեղի է ունեցել «250կմ» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմի պրեմիերան:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` ֆիլմի սյուժեի հիմքում 14-ամյա Վահեի պատմությունն է, ով Արցախյան երրորդ պատերազմի առաջին օրերին կարողացավ ինքնուրույն վարելով ավտոմեքենան, իր ընտանիքի անդամներին տարհանել Արցախից:
Մեզ հետ զրույցում ֆիլմի ռեժիսոր Հասմիկ Մովսիսյանը ասել է, որ նկարահանումները տևել են 14 օր:
«Համառուսական կինոմատոգրաֆիայի Գերասիմովի անվան ինստիտուտի ուսանողուհի էի, երբ առաջացավ ֆիլմ ստեղծելու միտքը: Այնուհետև սկսվեց Արցախյան երրորդ պատերազմը: Այդ օրերին հանգամանքների բերումով Հայաստանում էի գտնվում: Ֆիլմում 14-ամյա Վահե և 11-ամյա Աշոտ Սարգսյանների իրական պատմությունն է: Նրանք հարազատ եղբայրներ չեն, ուղղակի ֆիլմում համադրված են նրանց երկուսի պատմությունները: 44-օրյա պատերազմի ժամանակ Վահեն, չունենալով վարորդական իրավունք, ինքնուրույն վարելով ավտոմեքենան, ստիպած է եղել իր ընտանիքի անդամներին Արցախից տարհանել ՝ հաղթահարելով 250 կիլոմետր ճանապարհ: Այս հանգամանքն է հիմք ծառայել ֆիլմի վերնագրի համար»,- նշել է Հ. Մովսիսյանը՝ համոզմունք հայտնելով, որ դիտողներից յուրաքանչյուրը կվերապրի Վահեի անցած ուղին:
Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաև, որ նախատեսում են ֆիլմը ներկայացնել փառատոների: Վահե Սարգսյանի մայրը` Միլետա Սարգսյանը, անկեղծանում է, որ ֆիլմը դիտելուց հետո վերապրեց այն ամենը, ինչի միջով ստիպված էին անցնել պատերազմի ընթացքում:
«Պատերազմը սկսելուց հետո մենք օրեր շարունակ մնացինք գյուղում: Ես ու երեխաներս բավականին ուշ դուրս եկանք: Ամեն օր հույս էի տալիս, որ ամեն ինչ լավ կլինի: Կարծում եմ, որ պետք է միշտ պատրաստ լինել պատերազմին: Անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուրս անի ամեն ինչ հայրենիքին օգտակար լինելու համար»,-ասել է Մ. Սարգսյանը: