ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
2016 թ. ապրիլյան մարտերից հետո Արցախի մի շարք «կարող» քաղաքացիներ իրենց որդիներին հանել են ԱՀ հաշվառումից և հաշվառել Հայաստանում` շարունակելով Արցախում զբաղեցնել տարբեր պաշտոններ

2016 թ. ապրիլյան մարտերից հետո Արցախի մի շարք «կարող» քաղաքացիներ իրենց որդիներին հանել են ԱՀ հաշվառումից և հաշվառել Հայաստանում` շարունակելով Արցախում զբաղեցնել տարբեր պաշտոններ

Արցախի Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը այսօր ԱՀ ԱԺ-ում «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագծի քննարկումների ժամանակ ուշագրավ բացահայտումներ արեց:

Նա մասնավորապես շեշտել է, որ դեռևս 2016 թվականի ապրիլի մարտական գործողություններից հետո Արցախի Հանրապետության մի շարք չակերտներում «կարող» քաղաքացիներ իրենց որդիներին հանել են ԱՀ զինկոմիսարիատների հաշվառումից և տեղափոխել հաշվառման ՀՀ տարբեր զինկոմիսարիատներ, սակայն, բարոյական չափանիշների վրա թքած ունենալով, փաստացի շարունակել են բնակվել և տարբեր պաշտոններ զբաղեցնել ԱՀ-ում:

«Նրանց ցուցակների մեծ մասն առկա է ինձ մոտ, և ամբողջացնելուց հետո հրապարակելու եմ: Մի մասն էլ, օգտվելով տարբեր անպատասխանատու բժիշկների աջակցությունից, ԱՀ-ում և ՀՀ-ում ճանաչվելով ծառայության համար ոչ պիտանի՝ հանվել է կցագրման ենթակա զորահավաքային ռեսուրսներից կամ ընդգրկվել այսպես կոչված թիկունքային պաշտոնների համալրման ռեսուրսում:
Եղել են նաև այնպիսիք, որոնք 2020 թ. սեպտեմբերի 27-ի աղետալի պատերազմը սկսվելուն պես՝ լքել են Արցախը»,- պարզաբանել է պաշտոնյան:

Նա նաև նշել է, որ 1994 թվականի մայիսյան հրադադարից հետո տասնյակ տարիներ բանակցային սեղանին շրջանառվում էր ազատագրված 5+2 շրջանների՝ Ադրբեջանին տալու հարցը՝ կարգավիճակի կամ դրա հետագա քննարկման պայմանով, այնինչ զինվորի, մտավորականի, բանվորի, ինչպես նաև որոշ պաշտոնյաների գլխին փաթաթվում էր «ոչ մի քայլ հետ» սկզբունքը, ազատագրված բնակավայրերում մեր կարիքավոր հայրենակիցների վերաբնակեցման ու հաղթած, ապահով հայրենիքի գաղափարը:

  • Կիսվել: