Գերմանիան ևս 30 միլիոն եվրո կհատկացնի Պաղեստինի բնակչությանը
Գերմանիան ևս 30 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն կտրամադրի պաղեստինյան տարածքների քաղաքացիական բնակչությանը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը Պաղեստինի վարչապետի հետ հանդիպումից հետո, հաղորդում է DPA գործակալությունը։
Միջոցները, ի թիվս այլ բաների, կօգտագործվեն պարենային օգնության, ջրամատակարարման, առողջապահության և ժամանակավոր բնակարանների կառուցման համար։
Այսպիսով, Գերմանիան կդառնա Պաղեստինի տարածքներում ամենամեծ դոնորներից մեկը՝ 2023 թվականի հոկտեմբերից տրամադրվող մարդասիրական օգնության ընդհանուր գումարը կկազմի 333 միլիոն եվրո։
Ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ սննդային օգնությունը, առաջնային առողջապահական օգնությունը և հոգեսոցիալական աջակցությունը։