շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Օնիկ Գասպարյանը չի կրկնել վարչապետի հրաժարականի պահանջը, դրանից էր Անդրանիկ Քոչարյանի ոգեւորությունը. Թովմասյան

Օնիկ Գասպարյանը չի կրկնել վարչապետի հրաժարականի պահանջը, դրանից էր Անդրանիկ Քոչարյանի ոգեւորությունը. Թովմասյան

Կարելի է ենթադրել, որ Քննիչ հանձնաժողովի նիստում ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը չի կրկնել վարչապետի հրաժարականի պահանջը, ինչից Անդրանիկ Քոչարյանի ոգեւորությունը կարող էր մեծանալ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին 44-օրա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը բավական դրական գնահատեց Օնիկ Գասպարյանին:

«Իշխանությունը չունի հաստատուն տեսակետ. Նախկինում ասում էին՝ Օնիկ Գասպարյանը 5-րդ շարասյան է սպասարկում, դավաճան է, հիմա ասում են՝ Օնիկ Գասպարյանը լավն էր, իզուր էլ հանեցինք բանակից: Բա չհանեի՞ք: Դուք մարդուն պախարակում եք, հանում եք պաշտոնից, հետո փոշմանում եք: Իրենց հարաբերություններն իրենք պետք է կարգավորեն»,-ասաց նա:

Թովմասյանը որեւէ ակնկալիք չունի այդ քննիչ հանձնաժողովից, որովհետեւ այդ քննիչ հանձնաժողովի գործունեությունը ընդդիմության գործիք է. «Չի կարող ենթադրյալ հանցագործը քննել իր հանցագործության վարկածը: Իսկ իշխանությունը հիմա քննում է իր հանցակցությունը, պատերազմի ժամանակ իր վարած քաղաքականության սխալները: Չի կարող իշխանությունն օբյեկտիվ լինել: Այդ գործընթացի նկատմամբ հավատ չի լինելու, որովհետեւ Հայաստանն ուներ գերագույն գլխավոր հրամանատար եւ նա եւ մեղավոր է, եւ պատասխանատու է»,-ասաց նա:

  • Կիսվել: