Վերակառուցվում է օլիմպիական ջրանցքը
Գերմանիայի Աուգսբուրգ քաղաքի ջրանցքում են անցկացվել 1972 թ․օլիմպիական ամառային խաղերի թիավարության մրցումները։ Մյունխենից 70 կմ հեռավորության վրա է գտնվում այդ քաղաքը։ Բնակիչները հպարտանում են իր տեսակով եզակի այդ կառույցով, որն աշխարհում առաջին արհեստական ջրանցքն է սլալոմ թիավարության համար:
Այն ունի 600 մետր երկարություն, բետոնապատ է։ Նման ինժեներական լուծումը հնարավորություն է տվել պարբերաբար անցկացնել միջազգային խոշոր պաշտոնական մրցաշարեր, ինչը օլիմպիական ժառանգության լավագույն ապացույցն է։
20-րդ ամառային մարզահանդեսի ավարտից գրեթե 50 տարի հետո էլ մարզակառույցը գրավիչ է, սակայն անհրաժեշտ են վերակառուցման աշխատանքներ։ Արդիականացման կարիք ունեն ջրանցքը և հարակից ենթակառուցվածքները։ Անհրաժեշտ է տեղադրել ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներ: Հիմնանորոգման համար Գերմանիայի իշխանությունները կծախսեն 22,9 միլիոն դոլար:
2022 թ. այդ մարզահամալիրում նախատեսված է անցկացնել սլալոմ թիավարության աշխարհի առաջնությունը։