Ծառուկյանը՝ Օլիմպիական խաղերո՞ւմ. հայ մարտիկը բացահայտել է ապագայի ծրագրերը
UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը չի բացառում, որ կարող է ուժերը փորձել 2028 թվականին Լոս Անջելեսում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարում, գրում է armsport.am-ը:
2026 թվականին Ծառուկյանը պրոֆեսիոնալ ըմբշամարտի RAF լիգայում անցկացրել է արդեն 7 գոտեմարտ՝ տոնելով նույնքան հաղթանակ: Նրա վերջին հաջողությունը գրանցվել է հուլիսի 11-ին Թբիլիսիում կայացած մրցաշարում, որտեղ նա նախատեսված ժամանակից շուտ պարտության է մատնել Ղազախստանի ներկայացուցիչ Կուատ Խամիտովին:
Անդրադառնալով հայ ըմբիշ Արսեն Հարությունյանի այն հայտարարությանը, թե ինքը պատրաստվում է մասնակցել 2028-ի Օլիմպիական խաղերին՝ Ծառուկյանը պարզաբանել է իրավիճակը․
«Ինչո՞ւ է նա նման բան ասել։ Ես ընդամենն ասել եմ՝ հնարավոր է։ Ամեն գոտեմարտ ինձ լիցքավորում և մոտիվացնում է, և ես կամաց-կամաց դառնում եմ ըմբիշ: Այնպես որ, գուցե մեկ տարուց արդեն սկսեմ գոտեմարտել իսկական ըմբիշների հետ։ Նախ պետք է փակել բոլոր հարցերը UFC-ում, որից հետո նոր կարելի է փորձել որակավորվել Օլիմպիական խաղերի համար։ Եթե կարողանամ հաղթել Ռուսաստանի կամ Հայաստանի առաջնությունում․ կտեսնենք, թե որ երկրի կազմում»,- Արման Ծառուկյանի խոսքերն է մեջբերում լրագրող Վյաչեսլավ Աբդուսալամովը։
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ի վաղ առավոտյան ԱՄՆ-ի Միլուոկի քաղաքում կայանալիք RAF 11 մրցաշարի գլխավոր իրադարձության շրջանակներում Արման Ծառուկյանը գորգ դուրս կգա ամերիկացի Քոլբի Քովինգտոնի դեմ։
Իսկ ահա հայ մարտիկի վերադարձը օկտագոն, ըստ շրջանառվող լուրերի, կկայանա սեպտեմբերի 19-ին՝ Լոս Անջելեսում անցկացվելիք UFC 331 մրցաշարում:


