հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի նորեկ Մանվել Խաչատրյանը (55  կգ) պարտվեց կիսաեզրափակիչում եւ կպայքարի բրոնզե մեդալի համար:

Երիտասարդ ըմբիշը կիսաեզրափակիչում մրցեց Մոլդովայի ներկայացուցիչ Արտյոմ Դիլյանուի հետ եւ համառ պայքարում 2:2 հաշվով զիջեց մրցակցին:

Խաչատրյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ մրցել էր Եվրոպայի գործող չեմպիոն, թուրք Ադեմ Բուրակ Ուզունի հետ եւ գերլարված պայքարում 13:5 հաշվով տպավորիչ հաղթանակի հասել:

Քիչ անց կիսաեզրափակիչի գոտեմարտ կանցկացնի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Փարիզի Օլիմպիական  խաղերի ուղեգիր նվաճած Մալխաս Ամոյանը (77 կգ): Եզրափակիչի ուղեգիրը Ամոյանը  կվիճարկի մոլդովացի Ալեքսանդրին Գուտուի հետ:

Մալխաս Ամոյանը մեկնարկային 1/8 եզրափակիչում 10:1 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել Իտալիայի ներկայացուցիչ Ռիկարդո Վիտո Աբրեսցիայի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում  3:2 հաշվով պարտության է մատնել անկախ երկրների դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Ադլետ Տյուլուբաեւին:

Առաջին մրցումային օրը պայքարի մեջ մտած Հայաստանի մյուս ներկայացուցիչները պարտվել են: Դավիթ Օվասապյանը (130 կգ) մեկնարկել էր որակավորման փուլից, որտեղ 6:0 հաշվով հաղթել էր Շվեցարիայի ներկայացուցիչ Դելիան Ալիշայի նկատմամբ: 1/8 եզրափակիչում Օվասապյան 5:0 հաշվով առավելության էր հասել սերբ Բորիս Պետրուսիչի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում 0:5 հաշվով պարտվել է թուրք Ռիզա Կայալպիին

Գեւորգ Թադեւոսյանն (87 կգ)  առանց պայքարի անցավ 1/8 եզրափակիչ, քանի որ որակավորման փուլում նրա մրցակից, Նորվեգիայի ներկայացուցիչ Էքսաուս Մուկուբուն չներկայացավ գոտեմարտին: 1/8 եզրափակիչում Թադեւոսյանը չհաղթահարեց անկախ երկրների դրոշի ներքո հանդես եկող, բելառուս Կիրիլ Մասկեւիչի արգելքը:

2023 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր Հրաչյա Պողոսյանը (63 կգ) մեկնարկային գոտեմարտում չհաղթահարեց շվեդ Ալեքսանդր Բիկայի արգելքը, հայտնում է sport.news.am-ը:

  • Կիսվել: