ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Հայաստանի ֆուտբոլի ներկայիս հավաքականը մեծ հեռանկար ունի. Կամո Հովհաննիսյան

Հայաստանի ֆուտբոլի ներկայիս հավաքականը մեծ հեռանկար ունի. Կամո Հովհաննիսյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմում այժմ քիչ են ֆուտբոլիստները, որոնք 80-ից ավելի հանդիպում են անցկացրել ընտրանու կազմում: Նրանցից մեկը Կամո Հովհաննիսյանն է, ում անունը լսելիս՝ հայ երկրպագուն առաջին հերթին հիշում է նրա արագությունը: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Արարատ-Արմենիա»-ի ու Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը խոսել է իր անցած ֆուտբոլային ճանապարհի, սիրելի մարզիչների, նախորդ ակումբներում անցկացրած ժամանակահատվածի, Հայաստանի ազգային թիմի հեռանկարների մասին:

-Սկսելով ամենասկզբից․ ինչպե՞ս եք սկսել հետաքրքրվել ֆուտբոլով: Պատանիների մեծամասնությունը, անշուշտ, բակային ֆուտբոլի սիրահար է, ինչպե՞ս է եղել Ձեր դեպքում:

-Հետաքրքրվածությունը ֆուտբոլով սկսվել է դպրոցական տարիքից: Սկսած 7-8-րդ դասարանից՝ առավել լուրջ էի մոտենում ֆուտբոլին, քանի որ հասկանում էի, որ ֆուտբոլը իմ մեծագույն սերն է: Ընտանիքում պրոֆեսիոնալ մարզիկներ չունենք, բայց ֆուտբոլային ճանապարհը սկսել եմ եղբորս հետ: Մի քանի ամսվա տարբերությամբ սկսել ենք մարզվել, սակայն եղբայրս վնասվածքների պատճառով ստիպված էր հեռանալ ֆուտբոլից: Միասին եղել ենք Շենգավիթի մանկապատանեկան մարզադպրոցում, հետո «Փյունիկ»-ի մարզադպրոցում ենք շարունակել: 

-Կամո, Դուք այն բացառիկ ֆուտբոլիստներից եք, ով Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմում 84 հանդիպում է անցկացրել: Արդյոք պատասխանատվության այլ մակարդակ է՞ հավաքականի շապիկով խաղալը:

-Յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար ազգային թիմի մաս լինելը երազանքի պես մի բան է: Ես էլ բացառություն չեմ: Ամեն անգամ ազգային ընտրանու մարզաշապիկով խաղալը մեծագույն պատասխանատվություն է: Պետք է հնարավորինս լավ ներկայացնես ազգդ, երկիրդ, ակումբդ, քեզ: 84 խաղերից յուրաքանչյուրում դաշտ դուրս գալուց առաջ լարվածություն միշտ եղել է, բայց չափավոր, ու հենց մեկնարկում է խաղը, ամբողջ լարվածությունն անցնում է: 

-Ի՞նչն եք ամենաշատը սիրում հավաքականում:

-Հենց հավաքականը, մթնոլորտը, հանդերձարանը, մարզումային գործընթացը: Ֆուտբոլը միայն այդ 90 րոպեն չէ, այդ 90 րոպեից դուրս մի ամբողջ կյանք կա: 

-Հավաքականում Ձեր անցկացրած 84 խաղերից որո՞նք են եղել ամենատպավորիչը, որ հիշվում են: 

-Մինչև 21 տարեկանների հավաքականում լավագույնը եղել է Չեռնոգորիայի դեմ հանդիպումը, որտեղ երևանյան խաղում հաղթեցինք 4:1 հաշվով: Հետո ազգային հավաքականի կազմում Դանիայի դեմ հաղթանակը՝ 0:4 հաղթանակը:  Չեխիայի դեմ արտագնա հաղթանակն էլ եմ լավ հիշում (1:2): 

-Տարիների ընթացքում վստահաբար լավ ծանոթացել եք ազգային թիմի ներքին «խոհանոցին»: Ըստ ձեզ՝ ի՞նչը կարող է դառնալ Հայաստանի ազգային թիմի «հաղթաթուղթը»:

-Եթե անկեղծ՝ մեկ երևույթ չէ, որը հիմք կլինի: Մենք դեռևս այն հավաքականը չենք, որը մեկ-երկու սխալի դեպքում կկարողանա հետ բերել կորցրածը: Մի քանի առանձին մանրուքներն են, որոնք կարևոր դեր են խաղում ամբողջ թիմի համար: Ֆուտբոլում մանրուքներն են որոշիչ: Ասում ենք մանրուք, բայց իրականում դրանք կարևոր երևույթներ են: Ամեն ինչ կարևոր է, տրամադրությունը, պատրաստվելը, դեղին կամ կարմիր քարտերը:  Ամեն մի ֆուտբոլիստ պարտավոր է առավելագույնն անել:  

-Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմում վերջին շրջանում սերնդափոխություն է: Դուք խաղացել եք թե՛ ավագների հետ, թե՛ հիմա խաղում եք երիտասարդների կողքին: Ինչպիսի՞ ներուժ ունեն երիտասարդները, որոնք հիմա հավաքականում են: 

-Հայաստանի ֆուտբոլի ներկայիս թիմը մեծ հեռանկար ունի: Տաղանդավոր երիտասարդներ ունենք թիմում: Բայց միայն տաղանդը բավարար չէ առաջ գնալու համար: Երբ ժամանակին մարզվում էի Ռաֆայել Նազարյանի ղեկավարությամբ, նա միշտ ասում էր. «Աշխատասիրությունը, համեստությունն ու նվիրվածությունն են, որ կբերեն արդյունքի»: Այս խոսքերն են, որ միշտ մտքումս ունեմ:  

-Հայաստան, Բելառուս, Ղազախաստան. այս երկրների առաջնություններում եք հանդես եկել: Ի՞նչ առանձնահատկություններ ունեին այս առաջնությունները: 

-Երբ տեղափոխվեցի բելառուսական ակումբ, ինձ համար այն առաջին փորձառությունն էր արտերկրում: Բայց հեշտ հարմարվեցի երկրին ու առաջնությանը: Գուցե, պատճառը նաև նրանում էր, որ ժամանակին ընտանիքով ապրել էինք Բելառուսում: Եթե համեմատեմ, ապա Ղազախստան տեղափոխությունը մի քիչ ծանր ստացվեց: Ղազախստանն ուրիշ մտածելակերպով երկիր էր: Բայց հետագա ղազախական ակումբներում ամեն ինչ ավելի հեշտ ընթացք ունեցավ: Ինձ համար լավագույն լիգան ղազախականն էր` արագ, ֆիզիկապես առավել ուժեղ: Բայց հիմա հայկական Պրեմիեր լիգայի առաջին երեք ակումբները կարող են լուրջ մրցակցություն առաջարկել Ղազախստանի թոփ թիմերին:

-Գալով Ազգերի լիգային, որտեղ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկնարկային երկու խաղում կատարելապես երկու տարբեր հանդիպումներ անցկացրեց: Ի՞նչ տեղի ունեցավ Լատվիայի և Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղերում:

-Լատվիայի դեմ խաղում ստացվեց ամեն ինչ, ոչինչ չստացվեց Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում: Չեմ կարող ասել, որ վատ խաղի պատճառը ֆիզիկական վիճակն էր, ոչ: Բայց լինում են հանդիպումներ, որտեղ անում ես հնարավոր ամեն ինչ, բայց չի ստացվում ոչինչ: Լիահույս եմ, որ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ այդ խաղը կլինի վերջին նման հանդիպումը: Դա մեզ համար ամոթալի հանդիպում էր: Առաջիկայում ունենք ևս մեկ հանդիպում Հյուսիսային Մակեդոնիայի դեմ, որտեղ ռևանշի պիտի հասնենք: 

-Կամո, բազմաթիվ մարզիչների հետ եք աշխատել, բայց ո՞վ կամ ովքե՞ր են այն մասնագետները, որոնց ֆուտբոլային փիլիսոփայությունը հոգեհարազատ է ՁԵզ:

-Միանշանակ, Վարդան Մինասյանը: Ես կրկին Հայաստանի առաջնություն վերադարձա հենց նրա պատճառով: Ինձ առավել հոգեհարազատ է այն ֆուտբոլը, որը նա փորձում է ստանալ: Հայ մարզիչներից կնշեմ նաև Ռաֆայել Նազարյանին: Կնշեմ նաև «Կայրաթ»-ում խաղալու ընթացքում թիմը գլխավորած Ալեքսանդր Շպիլևսկուն և «Աստանա»-ում լինելու ժամանակ Սրժան Բլագոյովիչին:

-Մեծ ֆուտբոլից հեռանալուց հետո մտադի՞ր եք մարզչական աշխատանքի անցնել:

-Եթե անկեղծ՝ ոչ: 

-Ո՞վ է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը:

-Ռոնալդինյոն:

-Ո՞վ է լավագույն ֆուտբոլիստը, ում հետ խաղացել եք նույն թիմում:

-Հենրիխ Մխիթարյանը:

-Ո՞վ է լավագույն ֆուտբոլիստը, ում դեմ խաղացել եք:

-Քրիշտիանու Ռոնալդուն:  

-Եթե մեկ հնարավորություն ունենայիք հայոց պատմության որևէ կերպարի հետ ֆուտբոլ խաղալու, ո՞ւմ կընտրեիք: 

-Տիգրան Մեծին:

- Եվ վերջում․ Ձեր կյանքը կախված է մեկ 11 մետրանոց հարվածից: Ո՞ւմ կվստահեք հարվածը: 

-Եղբորս:

-Կամո, ի սրտե շնորհակալ եմ անկեղծ զրույցի համար:

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1201180

  • Կիսվել: