Վրաստանի մշակութային օրերը կհարստացնեն Հայաստանի մշակութային կյանքի գունապնակը․ ԿԳՄՍ նախարար
ՀՀ-ում Վրաստանի դեսպանատանը կազմակերպված «Մշակութային երեկո» միջոցառմամբ պաշտոնապես ազդարարվել է Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերի բացումը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, ԱԺ պատգամավորներ, Հայաստանի և Վրաստանի մշակութային գործիչներ։
Վրաստանի անկախության 107-ամյակի և Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերի բացման կապակցությամբ ներկաներին ողջունել և շնորհավորել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Հայաստանի և Վրաստանի պատմության ընթացքը դարերի խորքից եկող բարեկամության, համերաշխության և փոխադարձ հարգանքի վկայություն է։ Մեր ժողովուրդները կերտել են հարևանության եզակի մի օրինակ, որտեղ պատմական իրադարձությունները միայն ամրապնդել են փոխադարձ վստահությունը։ Այսօր էլ Հայաստան-Վրաստան միջպետական հարաբերություններն առանձնանում են ամուր արմատներով և վստահելի գործընկերությամբ: Մեր ժողովուրդները կապված են ոչ միայն աշխարհագրական հարևանությամբ, այլև մշակութային ժառանգությամբ, հոգևոր արժեքներով և քաղաքակրթական ընտրությամբ։ Մեր նախնիները դարերով կառուցել են կամուրջներ ոչ միայն քարից ու երկաթից, այլ նաև ոգեղեն ստեղծագործության, գրական խոսքի և արվեստի միջոցով։ Մենք պարտավոր ենք արժևորել այդ ժառանգությունը, պահպանել այն՝ որպես պատմական հիշողություն և փոխանցել ապագա սերունդներին՝ որպես հոգևոր հարստություն»,- ողջույնի խոսքում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Կարևորելով Հայաստանի և Վրաստանի միջև մշակութային կապերի շարունակական զարգացումը՝ նախարարը պատրաստակամություն է հայտնել առավել խորացնելու ոլորտային համագործակցությունը՝ մշակութային ժառանգության պահպանության, երաժշտարվեստի, թատերարվեստի, կինոյի և մշակութային կրթության ոլորտներում՝ երիտասարդ արվեստագետների փոխանակման և բազմաբնույթ համատեղ ծրագրերի իրականացման միջոցով։
«Մշակույթը յուրաքանչյուր ազգի ինքնության առանցքն է։ Վրաստանի մշակույթը մշտապես առանձնացել է իր ինքնատիպությամբ, դասական ու նորարար գեղագիտությամբ, ազգային և համամարդկային հարստությամբ: Այս օրերին հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա հաղորդակցվելու Վրաստանի հարուստ մշակույթին իր բոլոր դրսևորումներով, այդ թվում՝ ազգային խոհանոց, գինու ավանդույթներ, ստեղծարար ոլորտի ձեռքբերումներ։ Վստահ եմ՝ Վրաստանի մշակութային օրերը կհարստացնեն Հայաստանի մշակութային կյանքի գունապնակը՝ նոր բովանդակություն և ջերմություն հաղորդելով Հայաստան-Վրաստան միջմշակութային երկխոսությանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու շնորհակալություն հայտնել Վրաստանի մշակույթի նախարարությանը, ՀՀ-ում Վրաստանի դեսպանությանը և միջոցառման բոլոր կազմակերպիչներին հրաշալի նախաձեռնության համար։
Ներկաներին ողջունել է նաև Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն՝ շեշտելով, որ երկու երկրների մշակութային կապերը պատմական ամուր հիմքեր ունեն։
«Մեր պատմական հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն։ Վրաց և հայ ժողովուրդներն աստվածաշնչյան Քարթլոսի և Հայոսի ժառանգներն են, որոնք կանգնած են մարդկային քաղաքակրթության և մշակույթի ակունքներում։ Մեր եղբայրությունն ու բարիդրացիությունը դարերի պատմություն ունեն, մեր ժողովուրդները, համատեղ հաղաթահարելով դժվարությունները, կարողացել են պահպանել պետականությունը և հասնել ներկա օրերին՝ շնորհիվ փոխադարձ օգնության և համագործակցության»,-նշել է Թինաթին Ռուխաձեն։
Երկու գործընկեր նախարարները հանդես են եկել ճեպազրույցով՝ անդրադառնալով Հայաստան-Վրաստան մշակութային կապերի ամրապնդմանը։ Պատասխանելով հարցին, թե ինչ համատեղ նախաձեռնություններ են նախատեսվում՝ երկու կողմերի մշակութային ներուժն իրացնելու և զարգացնելու առումով, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասել է.
«Արդեն իսկ հասցրել ենք Վրաստանի մշակույթի նախարարի հետ քննարկել այս հարցը և առաջնային ենք համարել հատկապես երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը՝ նաև այսօր ստեղծվող արվեստի ճանաչելիության միջոցով: Այս առումով բազմաթիվ ծրագրեր կարող են իրականացվել կերպարվեստի, կինոյի, թանգարանային ոլորտներում»:
Նա ընդգծել է, որ Վրաստանի մշակույթի նախարարության համակարգման ոլորտում են նաև արվեստի բուհերը, ինչը ևս համագործակցության լայն դաշտ է բացում: Ժաննա Անդրեասյանի գնահատմամբ՝ գործընկերոջ պաշտոնական այցը շատ հաջող է հատկապես անելիքների և խնդիրների ընդհանրության, լավագույն փորձի յուրացման առումով, և արդեն իսկ ուրվագծված է համագործակցության հաջորդ փուլի տեսլականը:
«Լավագույն տպավորություններն եմ ստացել Երևան կատարած այցից։ Թե դուք՝ հայերդ, թե մենք՝ վրացիներս, շատ հին ազգ ենք, և շատ կարևոր է մեր մշակութային կապերն ավելի ամրապնդել ու սերտացնել»,- ասել է Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն և շնորհակալություն հայտնել հայկական կողմին ջերմ ընդունելության համար։
Հարցին, թե ի՞նչ քայլեր են իրականացվում մշակութային ներուժի իրացման ուղղությամբ, նա պատասխանել է․
«Այցի շրջանակում տեղի են ունեցել քննարկումներ համատեղ մշակութային նախագծեր իրականացնելու ուղղությամբ: Դրանցից որոշներն առաջիկայում կիրականացվեն»։
Վրաստանի մշակույթի օրերի բացման միջոցառմանը ելույթ են ունեցել Վրաստանի երգիչ կատարողները՝ ներկայացնելով հայկական և վրացական հայտնի և սիրված երգեր։