չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՌԴ բնակարանային և կոմունալ ծառայությունների բարեփոխումների աջակցության հիմնադրամի ներկայացուցիչների հետ

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՌԴ բնակարանային և կոմունալ ծառայությունների բարեփոխումների աջակցության հիմնադրամի ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է ՌԴ բնակարանային և կոմունալ ծառայությունների բարեփոխումների աջակցության հիմնադրամի ներկայացուցիչներ Օլգա Գրիշինայի, Նատալյա Վոյկովայի, Լիդիա Պետրենկոյի, Ալեքսանդր Շարաշկինի հետ:

Հանդիպման նպատակն էր Ռուսաստանի և Հայաստանի միջին մասնագիտական հաստատությունների միջև ընդլայնել և խորացնել համագործակցությունը, համատեղ մշակել նոր ծրագրեր:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել հյուրընկալվելու համար՝ ավելացնելով, որ լիահույս է՝ այսօրվա հանդիպումը հիմք կհանդիսանա հետագա համագործակցության համար:

«Մեր երկրների միջև առկա է աշխատանքային համագործակցություն մի շարք ոլորտներում, հատկապես՝ շինարարության բնագավառում: Կարծում եմ՝ մեծ պահանջարկ ունեն կադրերի որակավորման մակարդակի որոշման ընդհանուր մոտեցումները, ինչպես նաև մասնագետների պատրաստման միասնական պահանջները։ Հայաստանի և Ռուսաստանի երիտասարդ մասնագետների սերտ շփումը լավ օրինակ կարող է դառնալ նոր հմտություններ և կարողություններ ձեռք բերելու առումով, հատկապես՝ բնակելի շենքերի շինարարության և շահագործման ոլորտում։ Պետք է նշեմ նաև, որ կրթական չափորոշիչները, որոնց համաձայն այս ոլորտի մասնագետներ այսօր վերապատրաստվում են Հայաստանում և Ռուսաստանում, շատ նման են»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Համատեղ ծրագրերը կօգնեն եվրասիական տարածքի երկրներում բարելավել մասնագիտական վերապատրաստման համակարգերը՝ օգտագործելով կադրերի պատրաստման առաջադեմ չափանիշները:

Ծրագրի շրջանակում իրականացվելիք գործունեությունը ենթադրում է նաև ռուսաստանյան ժամանակակից պրակտիկաների, մեթոդների և տեխնոլոգիաների փորձարկում ու ներդրում ուսումնական հաստատություններում:

Ռուսաստանի Դաշնության բնակարանային և կոմունալ ծառայությունների բարեփոխումների աջակցության հիմնադրամի ներկայացուցիչ Օլգա Գրիշինան իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել. «Բնակարանային և կոմունալ ծառայությունների ոլորտում ամենապահանջված մասնագիտությունների ուղղությամբ պրոֆեսիոնալ մասնագետներ ունենալու համար մենք՝ որպես ռուսական պետական կազմակերպության ներկայացուցիչներ, առաջարկում ենք համագործակցություն, որի շնորհիվ ՀՀ ավագ դպրոցները և քոլեջները կկարողանան համագործակցել ՌԴ հարյուրավոր քոլեջների հետ, որտեղ երիտասարդները վերապատրաստվում են նշված ոլորտներում մասնագիտական չափանիշների հիման վրա, հատկապես՝ «Քաղաքացիական շենքերի շահագործում», «Բազմաբնակարան շենքի կառավարում, շահագործում և սպասարկում» և այլ մասնագիտացումներում»։ 

Հանդիպման վերջում կողմերը պայմանավորվել են մշակել համագործակցության քարտեզ՝ համատեղ մշակվող ծրագրերը քայլ առ քայլ կյանքի կոչելու համար:

  • Կիսվել: