երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ընդունվել է ընտանեկան բռնության կանխարգելմանը միտված օրենսդրական փոփոխությունների փաթեթը

Ընդունվել է ընտանեկան բռնության կանխարգելմանը միտված օրենսդրական փոփոխությունների փաթեթը

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի և Ծովինար Վարդանյանի հեղինակած ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

Օրենսդրական փաթեթով կատարվել են մասնավորապես հետևյալ փոփոխությունները.

 վերանայվել է օրենքի վերնագիրը հետևյալ խմբագրությամբ՝ «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման և ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենք,

 հստակեցվել են առկա սահմանումները և օրենքի հիմնական հասկացությունները. դրանք համապատասխանեցվել են ՀՀ քրեական օրենսգրքի սահմանումներին,

 վերանայվել են անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշման իրականացման, դրանց ուժի մեջ մտնելու և ծանուցման ժամկետները,

 սահմանվել է ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում,

 սահմանվել է բռնության ենթարկված անձանց համար նախատեսված ապաստարանների մատչելիության պահանջ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար,

 վերանայվել են ՀՀ քրեական օրենսգրքի 20 հոդվածների ծանրացնող հիմքերը,

 հետամտելու համար ՀՀ քրեական օրենսգրքում նոր կարգավորում է նախատեսվել,

 սահմանվել են առավել բարձր տուգանքներ՝ օրենքով սահմանված անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու դեպքում:

Նախաձեռնության համահեղինակ Զարուհի Բաթոյանը նշել է, որ նախագծի փաթեթը միտված է բարելավելու բռնությունից տուժած անձանց պաշտպանության մեխանիզմները և բարձրացնելու աջակցության արդյունավետությունը։

Կառավարության դրական կարծիքը ներկայացրել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Նա նշել է, որ օրենսդրական փաթեթի մշակման և քննարկման շրջանակներում երկու տարի աշխատանքներ են տարվել, որոնց արդյունքում բավական կատարելագործված օրենսդրական լուծումներ են տրվել:

Արփինե Սարգսյանի խոսքով՝ օրենսդրական նախաձեռնությունը միտված է թե՛ գործիքակազմի ավելացմանը, թե՛ առկա գործիքակազմի կատարելագործմանը և թե՛ այնպիսի հարցերի լուծմանը, որոնք կընդլայնեն սուբյեկտային կազմը։

«Կառավարության կողմից ընտանեկան բռնության դեմ պայքարը, բնականաբար, առաջնահերթություն է, և մենք ցանկացած նախաձեռնություն՝ լինի դա Կառավարության կողմից ներկայացված, թե պատգամավորական նախաձեռնություն, միանշանակ ողջունում ենք և պատրաստակամ ենք շարունակելու համատեղ աշխատանքը»,-նշել է ՆԳ նախարարի տեղակալը։
Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել օրենսդրական փաթեթի հեղինակներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, պետական մարմինների և շահագրգիռ մյուս մասնագետներին, որոնք ներգրավված են եղել նախագծի քննարկմանը: Նա ընդգծել է՝ բազմաշահառու քննարկման արդյունքում այնպիսի լուծումներ են տրվել, որոնք գործնականում հնարավորինս շատ խնդիրներ կլուծեն:

«Օրենսդրական կողմը հարցի մի բաղադրիչն է, մինչդեռ գործնական բաղադրիչը ևս շատ կարևոր է։ Ներքին գործերի նախարարության տեսանկյունից նշեմ, որ մեր մասնագիտացված ստորաբաժանումները նախագծի շրջանակներում կանցնեն անհրաժեշտ վերապատրաստում, կշարունակեն կատարելագործել իրենց գիտելիքներն ու հմտությունները, որպեսզի օրենսդրական արդյունավետ լուծումներն ամբողջությամբ ծառայեն իրենց նպատակին»,- ընդգծել է Արփինե Սարգսյանը։

Օրենսդրական փոփոխությունների փաթեթն ուժի մեջ կմտնի 2024 թ. հուլիսի 1-ից:

  • Կիսվել: