կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Վնասված գազատար, վրաերթ, զոհ, տուժածներ. մանրամասներ Մարմարաշենում 50 մեքենայի մասնակցությամբ խոշոր վթարից

Վնասված գազատար, վրաերթ, զոհ, տուժածներ. մանրամասներ Մարմարաշենում 50 մեքենայի մասնակցությամբ խոշոր վթարից

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դեկտեմբերի 29-ին՝ ժամը 08:28-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին՝ Մարմարաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել շղթայական ավտովթար:

ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել տեղի ունեցած վթարի վերաբերյալ:

«Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին՝ Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում, բախվել են մոտ 50 ավտոմեքենա, ինչի հետևանքով վնասվել է մոտակայքով անցնող գազատար խողովակը․ առկա է արտահոսք։

Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Հ. Ա.-ին (ծնված 1979 թ․), որը տեղում մահացել է:

Տուժածներ Ն. Ս.-ն (ծնված 2004 թ․), Վ. Ս.-ն (ծնված 2004 թ․), Ս. Զ.-ն (ծնված 2006 թ․), Ա. Մ.-ն (ծնված 1994 թ․) և Ն. Ե.-ն (ծնված 2006 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են մոտ 20 ավտոմեքենա, փակել գազի բալոնների փականները, իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ և Հ․ Ա.-ի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

Գազի վթարային ծառայության աշխատակիցների կողմից արտահոսքը դադարեցվել է»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: