Ուրախալի է, որ կորոնավիրուսին սկսել են շատ հումորով վերաբերվել, սակայն պետք է նաև աչալուրջ լինել․ վարչապետ
Կորոնավիրուսի ամենամեծ վտանգը խուճապն է: ՀՀ-ն պետք է շարունակի ապրել բնականոն կյանքով, ուղղակի անձնական կարգապահության նկատմամբ ավելի մեծ ուշադրությունով։ Այս մասին կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուրախալի է, որ մեր սոցցանցերում սկսել են ավելի շատ հումորով վերաբերվել կորոնավիրուսին: Հումորը հումոր, սակայն մյուս կողմից էլ պետք չէ անլուրջ վերաբերվել: Դա վտանգավոր հիվանդություն է, ինչպես շատ այլ վտանգավոր հիվանդություններ, որոնցից մենք տառապում ենք, սակայն չենք բարձրաձայնում»,- ասաց նա և նշեց, որ սովորական գրիպից մենք ամեն տարի մոտ 10 մահացության դեպք ենք ունենում:
Փաշինյանը շեշտեց նաև, որ Հայաստանում խուճապային որևէ բան չպետք է լինի: Կառավարությունը պետք է դառնա նման խուճապի բացակայության երաշխավորը:
«Բացառվում է, որ մենք որևէ տեղեկատվություն թաքցնենք: Հորդորում եմ հավատալ միայն պաշտոնական աղբյուրների տեղեկատվությանը, որևէ այլ աղբյուր չի կարող լինել: Ապրում ենք մեր բնականոն կյանքով, աշխատում ենք մեր երկրի զարգացման օրակարգի վրա»,- իր խոսքը եզրափակեց նա։


