Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին (տեսանյութ)
Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները թմրամթյութ ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 1-ին։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:
Չարենցավան քաղաքի մոտ գտնվող «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին համայնքային ոստիկանները ձերբակալեցին Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչ 28 և 30 տարեկան երկու երիտասարդի։ Իրենց վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին համայնքային բաժին։
Նրանց խուզարկությամբ հայտնաբերվեց 11 փաթեթ, որոնցում, ըստ երիտասարդների, մարիխուանա էր, ինչը տեղադրելու միջոցով իրացնելու նպատակով ձեռք էին բերել «Տելեգրամի» մի օգտատիրոջից։
Նրանք հայտնել են, որ փաթեթներ կան նաև մեքենայում։
Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նույն օրը կատարված խուզարկությամբ մեքենայում հայտնաբերվեց տարբեր գույների 26 փաթեթ։ Եվս մեկ փաթեթ հայտնաբերվեց դեպքի վայրի զննությամբ։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։


