Փաշինյանը՝ Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների իրավունքների և «Արարատցեմենտի» պետականացման մասին
Ամեն ինչ կանենք, որպեսզի աշխատողների իրավունքները պատշաճ ձևով պաշտպանվի: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք մեղավո՞ր են 1000-ավոր քաղաքացիները, որոնք աշխատում են Գագիկ Ծառուկյանի պատկանող ընկերություններում, քանի որ նրանց աշխատանքային իրավունքն է ոտնահարված:
«Մի քանի օր է անցել, մենք ամեն ինչ կանենք, որ բոլոր աշխատողների իրավունքները հնարավորինս պաշտպանված լինեն, այսինքն՝ այդ մարդկանց շահերը չենք անտեսի»,- ասաց Փաշինյանը:
Ինչ վերաբերում է «Արարատցեմենտ» ընկերությանը, Նիկոլ Փաշինյանը, դիմելով վերջինիս աշխատակիցներին, հայտարարեց. ««Արարատցեմենտը» շատ շուտով լինելու է պետական, նշանակվելու է նույն ընթացակարգով կառավարիչ, և եկեք այսօր այնպիսի բաներ չանենք, որ վաղը, մյուս օրը...
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի օրինակն եմ ուզում հիշեցնել: Կապանում զգուշացրի, ասացի՝ այն մարդիկ, որոնք այսօր պատվերով գործողություններ են անում, այդ մարդիկ ազատվելու են աշխատանքից: Ես հունիսին ասացի, այդ մարդիկ արդեն օգոստոսին բոլորն ազատված էին աշխատանքից: Նրանց մի մասի դեմ քրեական գործ է հարուցված, մի մասն էլ դատվել է: Այդ մարդկանց մի մասն էլ մինչև հիմա միջնորդավորված կամ ուղղակի միջնորդում է, որ վերականգնվեն աշխատանքի, ես էլ ասում եմ՝ չէ՛, հարգելինե՛րս, այն ժամանակ հստակ կանոնը սահմանվել է: Լսե՞լ եք ինչ եմ ասել: Չեմ կարող, որովհետև ասածը նաև ժողովրդի առաջ ստանձնած պարտավորություն է: Ես չեմ կարող դրանից նահանջել:
Հիմա նույնը խնդրում են նաև «Արարատցեմենտի» աշխատողներին՝ չմտնել դաշտեր, որ հետո տարիներով անընդհատ այս նույն ցիկլի մեջ մտնենք: Նրանք, ովքեր կանեն այդ կարգի գործողություններ, այսինքն՝ մարդկանց վրա ճնշում կգործադրեն և այլն, և այլն՝ փորձելով նրանց մղել գործողությունների, ազատվելու են աշխատանքից»:
Հարցին՝ սպառնո՞ւմ եք, Փաշինյանը պատասխանեց՝ սպառնում եմ, ըստ էության:



