չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Թուրքիան չի պատրաստվում բացել Կարս-Գյումրի երկաթուղագիծը․ իրանագետ

Թուրքիան չի պատրաստվում բացել Կարս-Գյումրի երկաթուղագիծը․ իրանագետ

Թուրքիան չի պատրաստվում բացել Կարս-Գյումրի երկաթուղագիծը։ Այս մասին իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա, մասնավորապես, նշել է․

 «Նկատե՞լ եք, չնայած Հայաստանից «մոտեցումներ շտկելու» ոմանց տենչին և հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ծրագրում տեսանելի ու անտեսանելի «ծնրադրություններին», Թուրքիայից այդպես էլ չի լսվում մի կարևոր հայտարարություն՝ պատրաստ ենք բացելու Կարս-Գյումրի երկաթուղագիծը։

Ընդհակառակը՝ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Կարաիսմայիլօղլուն նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությունից անմիջապես հետո նշեց, որ տարածաշրջանում նոր զարգացումների համատեքստում Անկարան մտադիր է կառուցել Իգդիր (Թուրքիա)-Սադարակ (Նախիջևան) երկաթուղագիծը։

Այսինքն՝ Նախիջևանի հետ երկաթուղային կապ հաստատելու նպատակով թուրքական կողմը մտադիր չէ բացել Կարս-Գյումրի հատվածը և օգտվել ամբողջությամբ Հայաստանի տարածքում գտնվող արդեն իսկ առկա Գյումրի-Արմավիր-Երևան-Երասխ գծից, որպեսզի հնարավորինս խուսափի Նախիջևանի միջոցով Ադրբեջանի հետ երկաթուղային կապ հաստատելու հայկական ուղուց, որը հնարավոր չէ շրջանցել միայն Սյունիքի մոտ 46 կմ-անոց հատվածում։
Սա նշանակում է, որ նաև կոնկրետ այս պարագայում Թուրքիայի նպատակը բացառապես մեկն է և ակնհայտորեն ոչ անկեղծ՝ հայկական ազդեցությունը հնարավորին նվազեցնելով, հասնել իր ծավալապաշտական երազանքին՝ պատկերավոր ասած, «երկաթուղային Թուրանի» առաջին և երկրորդ կայարան Նախիջևանին և Ադրբեջանին։
Քարտեզում՝ երկաթուղագծերը մեր տարածաշրջանում»:

  • Կիսվել: