շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թորոսյանը ներկայացրել է վիճակագրական տվյալներ՝ միայն վերջին 5 տարիներին ՃՏՊ-ներից զոհվել է 1755 անձ` մի բավական մեծ գյուղի բնակչության չափ մարդ

Թորոսյանը ներկայացրել է վիճակագրական տվյալներ՝ միայն վերջին 5 տարիներին ՃՏՊ-ներից զոհվել է 1755 անձ` մի բավական մեծ գյուղի բնակչության չափ մարդ

Ներքին գործերի նախարարից վիճակագրություն էի խնդրել 2023թ. ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ), դրանց պատճառով վիրավորված և զոհված քաղաքացիների վերաբերյալ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով համապատասխան տվյալները.

՛՛2023թ. ընթացքում թե' ՃՏՊ-ների, թե' վիրավորների, թե' զոհերի թիվն աճել է:

2023թ. ՃՏՊ-ների պատճառով զոհվել է 378 քաղաքացի, 2022թ.-ի 320-ի համեմատ: Աճը` 18.1%:

2023թ. ՃՏՊ-ների պատճառով վիրավորվել է 6538 քաղաքացի, 2022թ.-ի 6154-ի համեմատ: Աճը` 6.2%:

2023թ. ՃՏՊ-ների թիվը եղել է 4614, 2022թ.-ի 4306-ի համեմատ: Աճը` 7.2%:

Ըստ էության կարող ենք արձանագրել, որ ճանապարհային երթևեկության անվտանգության առումով 2023թ.-ին ունեցել ենք հետընթաց 2022թ.-ի համեմատ, թեև 2022թ.-ին ունեցել էինք առաջընթաց 2021թ.-ի համեմատ: Իհարկե 100.000 բնակչին ընկնող զոհերի թվով մենք միշտ /բարձր զոհերով երկրների շարքին ենք դասվել: 2023թ. համար այդ թիվը 12.6 է, սակայն կարող էր լինել օրինակ 3.7, ինչպես Գերմանիայում է, որտեղ մայրուղիների վրա արագության սահմանափակում անգամ չկա:

Միայն վերջին 5 տարիներին ՃՏՊ-ներից զոհվել է 1755 անձ` մի բավական մեծ գյուղի բնակչության չափ մարդ:

Ինչու՞ ենք մենք յուրաքանչյուր առանձին անժամանակ մահվան կամ զոհի դեպքում, կլինի դա երկրի պաշտպանության ժամանակ կամ այլ պատճառով, այդքան ցավում, բայց այս հարյուրավոր ու հազարավոր զոհերի նկատմամբ այսքան անտարբեր:

Վերջին 5 տարում ՃՏՊ-ներից զոհված այս 1755 քաղաքացիներից մեկը կարող էինք լինել մենք կամ մեր հարազատներից որևէ մեկը, և դժբախտաբար որոշ դեպքերում հենց այդպես էլ եղել է:

Ինչու՞ ենք մենք այդքան անհանդուրժող, երբ այս կամ առիթով խոսում ենք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացման կարևորության և դրան նպաստող գործողությունների իրականացման մասին:

Չե՞նք ուզում ի վերջո փրկել մեզ, մեր երեխաներին, մեր հարազատներին և ընկերներին:
Ճանապարհային երթևեկության անվտանգությունը կախված է երեք գործոնից.

- վարորդների վարքագծից (ՃԵԿ կանոնների պահպանում)

- ճանապարհային ենթակառուցվածքներից (ճանապարհների ծածկույթ, գծանշումներ, նշաններ),

- տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակից (ամբողջական տեխ.զննում ևն):

Եթե մենք այս երեք գործոնների մասով էական բարելավում չունենանք, ապա այս վիճակագրությունը, որն իրականում կյանքեր են, ոչ թե` թվեր, գնալով վատանալու է՛՛:

  • Կիսվել: