Վիրավորելով իմ ինտելեկտը` ասում եք` իրավական բուտաֆորիա եմ ստեղծել. Մինասյանը` դատախազին
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին վիրավորել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի այն ձևակերպումները, թե իբր ինքը նախարար եղած ժամանակ իրավական բուտաֆորիա է ստեղծել։ Այդ մասին նա հայտարարեց այսօր ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ` իրեն անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդության քննարկմանը։
Պատգամավորը դատախազից պահանջեց ներկայացնել իրավական այն ակտը, որով արգելված է բնության հատուկ պահպանվող տարածքներում կառուցապատում անել։
«Վիրավորելով իմ ինտելեկտը` մի կողմից ինձ վերագրում եք, թե իբր ես ստեղծել եմ իրավական մի բուտաֆորիա, այսինքն` քողարկել եմ ինչ–որ բաներ, մյուս կողմից` վկայակոչում եք իմ ցուցմունքը։ Այսինքն` ես այդքան իրավական գիտելիք չունեմ, որ ըստ ձեզ` կարող էի ասել, որ ոչ, որևէ բանից տեղյակ չեմ, դա՞ է ձեր իրավական նախնական գնահատականը։ Երբ ես պետության, հանրային շահից ելնելով, այդ թվում և` բնապահպանական պահանջները կատարելու, համապատասխան մուտքերը բյուջե ապահովելու համար այս գործողությունն եմ կատարել, դուք ինչպե՞ս եք ասում, որ դա իրավական բուտաֆորիա է։ Ի դեպ, դուք ո՞ր բյուջեներին եք հարցում արել` պետական, համայնքային, ազգային պարկին, որ պարզել եք, որ այդ գործարքից մուտքեր չեն ապահովվել»,– հետաքրքրվեց Մինասյանը։
Ի պատասխան Վարդապետյանն ասաց, որ այն փաստաթղթերը, որոնք կան գործի հիմքում Մինասյանին հնարավորություն չէին տա ասելու, որ տեղյակ չէ «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ–ի կողմից պահպանվող տարածքում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կողմից կառուցված առանձնատան մասին։
«Դա առնվազն պրոֆեսիոնալ չէր լինի ձեր կողմից։ Ձեր ցուցմունքը ընթերցելիս ես հասկանում եմ, որ դուք սուբյեկտիվ կողմի վրա եք շեշտադրում անում. դուք ուզում եք ցույց տալ, որ ձեր լիազորություններն ի չարս չեք գործադրել, այլ փորձել եք ձեր լիազորությունների շրջանակում այդ առանձնատունը բերել օրինական դաշտ, սակայն այդ դեպքում ինչո՞ւ փաստաթղթերի մեջ նշված չի եղել, որ դա եղել է ինքնակամ կառույց»,– հայտարարեց դատախազը։
Արծվիկ Մինասյանը խոստացավ այս ու մնացած հարցերին մանրամասն անդրադառնալ իր ելույթի ժամանակ։