ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Թիվ 49 հիմնական և թիվ 87 միջնակարգ դպրոցներն անվանակոչվեցին քանդակագործ-մոնումենտալիստ Արա Հարությունյանի և հայ բարերարների անունով

Թիվ 49 հիմնական և թիվ 87 միջնակարգ դպրոցներն անվանակոչվեցին քանդակագործ-մոնումենտալիստ Արա Հարությունյանի և հայ բարերարների անունով

Երևանի քաղաքի էրեբունի վարչական շրջանի համար 49 հիմնական դպրոցն ավագանու որոշմամբ անվանակոչվեց ականավոր քանդակագործ-մոնումենտալիստ Արա Հարությունյանի, իսկ թիվ 87 միջնակարգ դպրոցը՝ բարերարներ Յակոբ և Լուտովիկա Այնթապլեանների անվամբ:

Ինչպես նշեց քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատար Կարեն Սարգսյանը՝ 49 հիմնական դպրոցը քանդակագործ Արա Հարությունյանի անվամբ անվանակոչելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել քանդակագործի դուստրը՝ Սուսաննա Հարությունյանը:

Խոսելով համար 87 միջնակարգ դպրոցի մասին՝ Կարեն Սարգսյանն ասաց, որ ԱՄՆ քաղաքացիներ Յակոբ և Լուտովիկա Այնթապլեանները ցանկություն են հայտնել հիմնանորոգելու Ավան վարչական Խուդյակովի փողոցի 44 հասցեում գտնվող «Երևանի համար 87 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը: Նրանք որպես նվիրաբերություն այդ նպատակի համար միանվագ փոխանցել են 500 000 ԱՄՆ դոլար գումար:

«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Լևոն Զաքարյանը հետաքրքրվեց, թե ճի՞շտ է արդյոք, որ այդ մարդիկ պայմանով են տալիս գումարը, որ դպրոցը անվանակոչվի իրենց անունով, հակառակ դեպքում չեն տա գումար: Հարցին ի պատասխան՝ Կարեն Սարգսյանը հաստատեց, որ այդպես է: Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ նշեց, որ իր համար կարևորագույն խնդիր է բոլոր դպրոցների, մանկապարտեզների հիմնանորոգումը, ուստի պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները:

 

  • Կիսվել: