շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Տավուշում ուսուցիչները կաշխատեն նոր կարգերով

Տավուշում ուսուցիչները կաշխատեն նոր կարգերով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամաններով հաստատվել են հանրակրթության նոր չափորոշչի փորձարկման համար նախատեսված ուսումնական պլանը, գնահատման կարգը, սահմանվել են տարիֆիկացիոն պլանների կազմման առանձնահատկությունները։

Նոր կարգերով մի շարք փոփոխություններ են նախատեսվում ուսուցչի դասաժամերի դրույքային ծանրաբեռնվածության, սովորողների գնահատման, ինչպես նաև դպրոցների ֆինանսավորման գործընթացներում:

Նոր կարգերը սեպտեմբերի 1-ից կփորձարկվեն Տավուշի մարզի դպրոցներում` 2-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարաններում դասավանդողների և սովորողների համար։

Ուսուցչի շաբաթական ծանրաբեռնվածություն և տարիֆիկացիոն պլան ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի օգոստոսի 12-ի 38-Լ հրամանով սահմանվել են 2021- 2022 ուսումնական տարվա ընթացքում Տավուշի մարզի հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների տարիֆիկացիոն մատյանի կազմման առանձնահատկությունները:

Հանրակրթության պետական չափորոշչով նախատեսված նոր գնահատման համակարգի փորձարկումն արդյունավետ իրականացնելու նպատակով, հաշվի առնելով տարրական դասարաններում միավորային գնահատման բացակայությունը և ոչ միավորային (բնութագրային) գնահատման համար պահանջվող աշխատանքի ծավալը, Տավուշում ուսումնական հաստատությունների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10- րդ դասարաններում դասավանդող ուսուցիչների դրույքաչափը սեպտեմբերի 1-ից կհաշվարկվի հետևյալ կերպ.  2-րդ դասարանում ուսուցչի մեկ դրույքաչափը (շաբաթական 22 ակադեմիական ժամ) կազմված է շաբաթական 18 դասավանդվող և գնահատման համար նախատեսված 4 ժամերից:  5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում ուսուցչի մեկ դրույքաչափը (շաբաթական 22 ակադեմիական ժամը) կազմված է 20 դասավանդվող և 2 գնահատման համար նախատեսված ժամերից:

Գնահատման ժամերի ընթացքում ուսուցիչն իրականացնում է սովորողների գնահատման համար անհրաժեշտ աշխատանքները: Տավուշի մարզի փորձարկվող դասարանների համար հաստատվել են հետևյալ առավելագույն ժամաքանակները, որոնք ընդգրկում են պետական պարտադիր և դպրոցական բաղադրիչները, այդ թվում՝ ընտրովի բաղադրիչը.

2-րդ դասարան՝ տարեկան 928 ժամ, 5-րդ դասարան՝ տարեկան 1190 ժամ,

7-րդ դասարան՝ տարեկան 1190 ժամ,

10-րդ դասարան՝ տարեկան 1360 ժամ:

Ընտրովի բաղադրիչի շրջանակում 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների համար նախատեսված են «Առողջ ապրելակերպ» և «Մասնագիտական կողմնորոշման ակումբներ» խմբակները:

10-րդ դասարանում սովորողների մասնագիտական նախասիրություններն ու կողմնորոշումը զարգացնելու նպատակով, ի լրումն պետական պարտադիր բաղադրիչի, դպրոցական բաղադրիչի միջոցով կձևավորվի անհատական դասացուցակ։

  • Կիսվել: