երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ստեփանավանի Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում կներդրվի արդիական ֆերմայի մոդել

Ստեփանավանի Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում կներդրվի արդիական ֆերմայի մոդել

Ստեփանավանի Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում մեկնարկել է «Էրազմուս+» ծրագրի «ՄԿՈՒ հաստատությանը կից ՍՄԱՐՏ ֆերմայի մոդել՝ ուսանողների աշխատանքի վրա հիմնված ուսումնառության և շրջանավարտների բարձր աշխատունակության համար» (CB4WBL) նախագիծը:

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, Ֆրանսիայի դեսպանության կրթության և համագործակցության գծով կցորդ Լուսիյ Բուսքեն:

CB4WBL նախագծի նպատակն է եվրոպական փորձի տեղայնացմամբ ստեղծել ՄԿՈՒ հաստատությանը կից արդիական ֆերմայի մոդել, որի շրջանակում ուսանողների կրթությունը կիրականացվի աշխատանքի վրա հիմնված ուսումնառությամբ։ 

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին  ծրագրի մեկնարկի կապակցությամբ՝ ընդգծելով այն հանգամանքը, որ մասնագիտական կրթության ոլորտը նոր է սկսում ընդգրկվել «էրազմուս+» ծրագրում. «Սա «Էրազմուս+»-ի առաջին ծրագրերից մեկն է,  որն իրականացվում է կրթության այս մակարդակում: Հետևաբար, շատ ենք կարևորում վերջնարդյունքները, որոնք կստանանք ծրագրի ավարտին: Վստահ եմ՝ դրանք ոգևորիչ են լինելու նաև այլ ուսումնական հաստատությունների ներգրավման համար»:

Արաքսիա Սվաջյանի տեղեկացմամբ՝ մասնագիտական կրթության ոլորտում օրենսդրական փոփոխություններ են իրականացվում: Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ հաստատվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքը, որով սահմանված են նոր ընթացակարգեր և մոտեցումներ՝ բոլոր այն ուղղություններով, որոնք բարելավման կարիք ունեն: ԿԳՄՍ փոխնախարարի խոսքով՝ բարեփոխումների հիմքում աշխատանքի վրա հիմնված ուսուցումն է: «Վստահ եմ՝ նմանատիպ ծրագրերի շրջանակում իրականացված բոլոր գործողությունները նպաստելու են, որ մենք ավելի թիրախային արդյունքների հասնենք՝ սահմանված «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագրում»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ մաղթելով արդյունավետ համագործակցություն միջազգային գործընկերների հետ՝ լավագույն փորձի տեղայնացմամբ:

Հաջողված համագործակցության համար շնորհակալություն է հայտնել  Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան: Նա հույս է հայտնել, որ ծրագիրը կնպաստի մասնագիտական կրթության ոլորտի ուժեղացմանը՝ միտված կարողությունների զարգացմանը, տարբեր դիտանկյուններից խնդիրների վերհանմանը, առկա բացերի լրացմանը: 

Ստեփանավանի Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրեն Արա Չոբանյանն էլ ընդգծել է ԿԳՄՍ նախարարության պատրաստակամությունը՝ մշտապես աջակցելու ոլորտի զարգացմանը և նշել նաև միջազգային գործընկերների հետ համագործակցելու կարևորությունը: Տնօրենի խոսքով՝ ծրագրի շրջանակում նախատեսվում է ունենալ օրինակելի խելացի ֆերմա, որը կծառայի ոչ միայն կրթական գործընթացին, այլև հիմք կդառնա տարածաշրջանի ֆերմերների համար՝ կառուցելու իրենց արտադրությունը:

Նախագծի իրականացման արդյունքում ակնկալվում է մշակել և փորձարկել ՄԿՈՒ հաստատությանը կից արդիական ֆերմայի գործունեության իրավական, կազմակերպչական և վարչաֆինանսական պայմանները։ Ֆերմայի շրջանակում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կազմակերպման նպատակով կվերանայվեն «Անասնաբուժություն», «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» և «Մենեջմենթ» մասնագիտությունների պետական չափորոշիչները և մոդուլային ծրագրերը։

CB4WBL նախագիծը ներառում է 6 հաստատություն Հայաստանից, Պորտուգալիայից և  Ֆրանսիայից:

  • Կիսվել: